Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել ու բացառել ավտոկայանումների համար ապօրինի գանձումների իրականացումը
Երևանի զարգացման 2013թ.-ի ծրագրերի շրջանակում մանկապարտեզներում, մշակույթի տներում, արվեստի դպրոցներում ու կրթական մյուս հաստատություններում արդեն ավարտվել են վերանորոգման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հանձնարարվել է սահմանված ժամանակացույցի համաձայն ավարտել նաև բարեկարգման ծրագրերի շրջանակում իրականացվող փողոցների բարեկարգման, ճաքալցման ու փոսանորոգման աշխատանքները:
Զեկուցվել է, որ զուգահեռաբար ընթացքի մեջ են նաև հիմնանորոգված փողոցների գծանշման աշխատանքները: Հանձնարարվել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մշտական ուշադրության կենտրոնում պահել վթարված լուսացույցների փոխարինման և գծանշման աշխատանքները:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում, սահմանված ժամանակացույցի համաձայն, շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.6 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքն ու որակը:
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 5 դեպք և իրականացվել են քանդման աշխատանքներ:
Քաղաքապետը մեկ անգամ ևս ամենօրյա հսկողության շարունակականության ապահովման խնդիր է դրել ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման մասով: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ցանկացած ապօրինի շինություն ապամոնտաժվելու է:
Հանձնարարվել է նաև խստորեն հետևել մայրաքաղաքում գործող ավտոկանգառների նոր կարգի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ապօրինի գանձումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների վերականգնման մասով զեկուցվել է, որ շարունակվում է առաջնային անհրաժեշտություն ունեցող նմանատիպ պատշգամբների վերականգնման գործընթացը:
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները աշնանային տերևաթափից մաքրելու աշխատանքները: Հսկողություն է իրականացվում նաև տերևների այրման դեպքերը բացառելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն