Հայկ Ալումյանի բողոքը կհանձնվի դատարանի նախագահին

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Դատարանն այս անգամ քննում էր Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշման բողոքը: Դատավոր Արթուր Մկրտչյանը կողմերին տեղեկացրեց, որ նոյեմբերի 1-ին Հայկ Ալումյանի մյուս բողոքը քննած դատավորը որոշում է կայացրել բողոքը հանձնել դատարանի նախագահին, որպեսզի վերջինս որոշի՝ երեք բողոքները պետք է քննվեն միասի՞ն, թե՞ առանձին: Դատավոր Արթուր Մկրտչյանը կողմերից հետաքրքվեց՝ ինչ դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ բողոքները միասին քննելու հարցի նպատակահարմարությունը կարող է քննարկվել, սակայն օրենքը նման ընթացակարգ չի նախատեսում:  Քննիչ Ալեքսանդր Ղազարյանն ասաց, որ դա դատարանի որոշելիք խնդիրն է: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Դատավոր Արթուր Մկրտչյանը որոշում կայացրեց Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքը հանձնել դատարանի նախագահին, որպեսզի վերջինս որոշի այս բողոքը մյուս երկու որոշումների հե միասին մեկ վարույթի շրջանակներում քննելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս