Հայերեն ստեղնաշար` iOS 7-ի համար Հայ ծրագրավորողի ստեղծած հավելվածն արդեն App store-ում է
iOS 7-ի համար հայերեն ստեղնաշարը Apple ընկերությունն արդեն հաստատել է, ուստի, արդեն 1 օր է, այն հայտնվել է Apple-ի պաշտոնական ինտերնետային խանութում` App store-ում: iOS 7 օպերացիոն համակարգի համար ստեղծված հայերեն ստեղնաշարի (ArmKeyboard) հեղինակը ծրագրավորող Վահրամ Գևորգյանն է, ով կարողացել է մեկ ամսում միայնակ ստեղծել հավելվածը, այն էլ՝ աշխատանքից հետո, երեկոյան ժամերին, իսկ հաստատման համար սպասել է մոտ 1 շաբաթ:
Մեզ հետ զրույցում Վ. Գևորգյանը նշեց, որ Apple-ն ունի բազմաթիվ չափորոշիչներ, որոնց համար կարող են նաև մերժել ու չհաստատել հավելվածը, այս դեպքում, սակայն, նման բան չեղավ, և հավելվածն արդեն հասանելի է այստեղ.:
Այսպես, նշյալ հավելվածի միջոցով iPhone և iPad սարքերի օգտատերերը, որոնք աշխատում են iOS 7 oպերացիոն համակարգով, կկարողանան հայերեն գրել: «Հավելվածն ունի երեք ստեղնաշարային դասավորվածություն` Phonetic, Typewrtier, Western, ինչն էլ հնարավորություն է տալիս օգտվողներին ընտրել իրենց նախընտրած ստեղնաշարը»,- ասաց Վ. Գևորգյանը: Նրա խոսքով` այս հավելվածում ստեղնաշարն աշխատում է` ինչպես landscape, այնպես էլ` portrait: Այսինքն` երբ սմարթֆոնը կամ պլանշետը շրջում եք, ստեղնաշարը ևս ավտոմատ կարող է շրջվել, ինչն էլ ավելի հարմար է դարձնում դրա օգտագործումը:
Ըստ ծրագրավորողի` նոր հավելվածը տարբերվում է իր նմաններից ինչպես դիզայնով, այնպես էլ` ֆունկցիաներով: «Այստեղ շատ բաներ կան, որոնք ես չեմ գտել ուրիշ ոչ մի հավելվածի մեջ, սակայն դրա ստեղծման համար հաշվի եմ առել արդեն շուկայում առկա հավելվածների ինչպես` թերությունները, այնպես էլ` առավելությունները:
Այսպես՝ նոր հավելվածի շնորհիվ կարելի է, օրինակ, հայատառ հաղորդագրություն ուղարկել Facebook-ով, SMS-ով, Twitter-ով, առանց ծրագիրը լքելու՝ կարելի է օգտվել YouTube-ից, Google Translate-ից, Google Search-ից և այլն: Բացի այս՝ նոր հավելվածի միջոցով կարելի է հայերեն պահպանել կոնտակտներն ու, օրինակ, հայերեն հիշեցումներ կատարել (Reminder), ինչը մինչ այսօր iOS համակարգերով աշխատող սարքերի միջոցով որևէ ձևով հնարավոր չէր կատարել»,- ասաց Վ.Գևորգյանը` նշելով, որ այսքանով հավելվածի ֆունկցիաները չեն սահմանափակվի, և դեռ կավելանան նոր հնարավորություններ:
Նշենք, որ հավելվածի արժեքը 1 դոլար է, այն ունիվերսալ է և իր մեջ ներառում է ինչպես iPhone, այնպես էլ` iPad սարքերի համար նախատեսված տարբերակները:
Տեղեկացնենք, որ Վահրամ Գևորգյանը տարբեր սեփական ծրագրեր է ստեղծել, նա հեղինակն է նաև առաջին հայկական ինտերակտիվ հեքիաթի` «Անահիտի», որն արդեն շուկայում մեծ իրարանցում է առաջացրել և բարձր է գնահատվել արտասահմանցի տարբեր գրախոսների կողմից:
«168 ԺԱՄ»