Վահան Խաչատրյանը ներկայացրեց «Թյուդոր թագուհիներ» fall-winter 2013-14 հավաքածուն (ֆոտոշարք)
«Վահան Խաչատրյան բարձր նորաձևության կենտրոնի» («Vahan Khachatryan. Atelier Haute Couture») հիմնադիր, hագուստի դիզայներ-մոդելավորող Վահան Խաչատրյանն օրերս Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցային համալիրում ներկայացրեց իր նոր՝ «Թյուդոր թագուհիներ» fall-winter /2013-14 հավաքածուն: Այդ հյուրանոցում հենց ցուցադրության օրը բացվեց նաև դիզայների առաջին խանութ-սրահը:
«Թյուդոր թագուհիներ» fall-winter 2013-14 հավաքածուի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Թյուդորների ժամանակաշրջանը, որը համարվում է Անգլիայի Վերածննդի դարաշրջան: Արքայական թեման շարունակվում է շքեղ գործվածքներում, զարդանախշերում և հատուկ այս հավաքածուի համար պատրաստված աքսեսուարներում: Գոբելենից վերարկուները, կիսավերարկուները, զգեստները, կորսետներն ասես վերականգնում են Սենթ Ջեյմս պալատի՝ Թյուդորների սիրելի նստավայրի միջավայրը: Պարզ, լակոնիկ ուրվագծերով ճերմակ զգեստները հարգանքի յուրօրինակ տուրք են Ելիզավետա I-ին՝ Կույս Թագուհուն: Շիֆոնից թափանցիկ զգեստների համար իբրև օրիգինալ պրինտ են ծառայել անգլիական Ռենեսանսի նկարները, զարդերը և անգամ սպասքեղենը:
Հավաքածուի գլխավոր հերոսուհիներն Անգլիայի չորս նշանավոր թագուհիներն են, որոնց մարմնավորել են տարբեր տարիների «Միսս Հայաստան» մրցույթի հաղթող գեղեցկուհիները: Հպարտ Եկատերինա Արագոնացուն մարմավորել է գեղեցկուհի Անգելինա Բաբաջանյանը: Աննա Բոլեյնի թաքնված հմայքը բացահայտում է Լուսինե Թովմասյանը: Գոհար Հարությունյանը ներկայանում է անկանխատեսելի Մարիա Ստյուարտի կերպարով: Ելիզավետա I-իի խարտյաշ գեղեցկությունը բացահայտում է Իրինա Թովմասյանը:
Ընթերցողին հիշեցնենք, որ Վ. Խաչատրյանը սովորել է Ֆլորենցիայի «Ակադեմիա Իտալիանո» մասնավոր նորաձևության դպրոցում, որն Իտալիայում համարվում է հագուստի մոդելավորման լավագույն դպրոցներից մեկը: 2011թ. Ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո Միլանում Վ. Խաչատրյանն աշխատել էր «Dolce & Gabbana» նորաձևության կենտրոնում, որտեղ նա կարողացել էր իր ինքնատիպ ոճը հաստատել, և նրա ստեղծած հագուստները ներկայացնում են աշխարհահռչակ այդ բրենդի վերջին շրջանի լավագույն նմուշներից շատերը՝ ժանյակազարդ, նրբագործ և ծաղկավոր-նկարազարդ հավաքածուները: Մեկ տարվա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո «Dolce & Gabbana» նորաձևության կենտրոնը Վ. Խաչատրյանին առաջարկել էր ևս 5 տարվա աշխատանքային պայմանագիր, սակայն Վահանն առաջարկը մերժել էր՝ որոշելով ինքնուրույն շարունակել և ներկայացնել իր նախագծերը:
Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցային համալիրում շատ գեղեցիկ և նորաձևության աշխարհի ստանդարտներին համապատասխան ցուցադրություն էր կազմակերպվել: Ավելի քան վեց տասնյակ նոր նմուշներ ներկայացվեցին: Վ. Խաչատրյանը, որպես դիզայներ, մեծ տեղ է հատկացնում հագուստի կտորի, գործվածքի ընտրությանը, որն ինքն անձամբ է պատվիրում Իտալիայում: Նրա այս հավաքածուն ևս առանձնանում էր հնաոճ և նկարազարդ գործվածք կտորեղենով (գոբելեն), ժանյակներով և զարդաքարերով (արհեստական մարգարիտներով, ոսկեզօծ և գույնզգույն զարդաքարերով): Հանդիսատեսը հավաքածուի շնորհիվ տեղափոխվել էր բոլորովին այլ ժամանակաշրջան:
Այս անգամ Վահան Խաչատրյանը նաև ներկայացրել էր հավաքածուին համապատասխան հարթ կոշիկները (զարդաքարերով) և մյուս, շատ շքեղ աքսեսուարները՝ զարդեր, և այլն:
Բնության ձայների ուղեկցությամբ ներկայացվեց հավաքածուն, որին ցուցադրության ավարտին միացավ երգչուհի Անուշիկ Ալավերդյանը: Երեկոյի հատուկ հյուրն էր հայտնի լուսանկարիչ և fashion բլոգեր Իվան Ռոդիչը:
Մոդելների վարսահարդարումն իրականացրել էր Image Code գեղեցկության սրահը:
Դիմահարդարումը՝ Յանա Բաբաջանյանի: Երեկոյի գործընկեր էր՝ «Արցախ Ալկո» ընկերությունը:
ԱՐՓԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Իվան Ռոդիչի
www.kamoblog.tv-ի, www.el.am-ի