Հայկ Ալումյան. Արդարադատությունն ավելի ստորացուցիչ պայմանների մեջ հնարավոր չէ դնել
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը:
Այս դատարանում քննվում են Հայկ Ալումյանի կողմից բողոքարկված երեք որոշումները: Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում էր կայացվել այն հիմնավորմամբ, որ հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի ընթացքում նրանց գործողությունները համապատասխանել են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:
Քննիչը որոշում էր կայացրել նաև այն մասին, որ դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանը կատարել է Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, սակայն դադարեցրել էր քրեական հետապնդումը վերջինիս նկատմամբ` նրա մահվան կապակցությամբ: Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքը: Ինչպես հայտնի է, նախորդ դատական նիստը հետաձգվել էր, որպեսզի Հայկ Ալումյանը ծանոթանա քննիչի կողմից դատարան ներակայացված նյութերին: Երեկ դատական նիստի ընթացքում փաստաբանը հայտարարեց, որ ներկայացված նյութերին ծանոթանալուց հետո ամրապնդվել է իր այն կարծիքը, որ դատարանի տրամադրության տակ եղած նյութերով հնարավոր չէ սպառիչ եզրակացության գալ դեպքի վերաբերյալ:
«Կարող է՝ քրեական գործում ընդամենը մեկ փաստաթուղթ փոխի քրեական գործի վերաբերյալ ամբողջ նկարագիրը: Եվ կարող է այսօր քննիչը դիտավորյալ այդ փաստաթուղթը պարտակում է դատարանից և դիմող կողմից, ինչը շատ հավանական է, ի դեպ»,- ասաց Հ. Ալումյանը: Անդրադառնալով այն հանգամանքին, որ քննիչի կողմից դատարանին ներկայացվել են միան որոշակի թվով նյութեր, փաստաբանն ասաց. «Ավելի ստորացուցիչ պայմանների մեջ արդարադատությունը հնարավոր չէ դնել»: Բուդաղյանների փաստաբանը ևս մեկ անգամ նշեց, որ ներկայացված նյութերի հիման վրա հնարավոր չէ իր բողոքի՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը, ապա միջնորդեց պարտադրել քննիչին դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ բոլոր նյութերը:
Պատասխանելով դատավոր Լ. Ավետիսյանի հարցին՝ քննիչ Ալեքսան Ղազարյանն ասաց, որ գործի նախաքննությունը դեռ շարունակվում է: Նա ասաց, որ ինքը դեռևս որոշ հանգամանքների իրավական գնահատականներ պետք է տա. դրանց շարքում իրավական գնահատական պետք է տա նաև ավտոմեքենայում տեղի ունեցած իրադարձություններին: Քննիչը դժվարացավ ասել՝ մոտավորապես երբ կավարտվի քրեական գործի նախաքննությունը:
Դատավորը կողմերից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նպատակահարմար չէ Հ. Ալումյանի երեք բողոքների քննությունը միավորել մեկ դատավորի վարույթում: Հ. Ալումյանն ասաց, որ հարցը ունի երկու կողմ. որքանո՞վ է դա հնարավոր օրենքի շրջանակներում: Փաստաբանը նշեց, որ մեկ վարույթում բողոքների միավորումը կլինի նպատակահարմար այն դեպքում, եթե այդ երեք գործերը քննող դատավորի անունն արդեն հայտնի չէ, նա կընտրվի պատահականության սկզբունքով: ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արտակ Հարությունյանն ասաց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ դատարանը կամ պետք է որոշում կայացնի բողոքը հիմնավոր ճանաչելու կամ այն մերժելու մասին:
Քննիչ Ալեքսանդր Ղազարյանն էլ ասաց, որ իր կարծիքով՝ այդ քայլն օրենքի խախտում է. «Բայց ինձ համար միևնույն է, թե քանի դատավոր կքննի, կոնկրետ որ դատավորը կքննի: Իմ խնդիրն է` ապացուցել, որ ես կայացրել եմ օրինական որոշում, և ես կանեմ` անկախ տեղից, վայրից և դատավորի ազգանունից»:
Դատարանը որոշում կայացրեց բողոքը հանձնել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին` նույն դատարանում գտնվող մյուս երկու բողոքների հետ համատեղ մեկ դատավորի կողմից քննություն ապահովելու հարցը լուծելու համար:
Լրագրողների հետ զրույցում Հայկ Ալումյանն ասաց, որ բացառված չէ, որ մյուս բողոքները քննող դատավորներն այլ որոշումներ կայացնեն. այդ ժամանակ «կոլապս» կստացվի: Միևնույն ժամանակ Հ. Ալումյանն ասաց, որ հնարավոր է՝ երեք դատավորները նախապես համաձայնություն ունեն նման որոշում կայացնելու համար: «Եթե դա այդպես է, ուրեմն ոչ մի լավ բանի մասին չի խոսում, եթե արդեն անդրկուլիսյան քննարկումների, բանակցությունների միջոցով է այս գործի ընթացքը հենց սկզբից որոշվում»,- ասաց փաստաբանը: «Եթե այսօր գործը քննող դատավորը համոզված չլիներ, որ երկուշաբթի օրը գործը քննող մյուս դատավորը նորից ճիշտ նույն կարծիքն է արտահայտելու, ինքն այսպիսի որոշում չէր կարողանա կայացնել, որովհետև ինքը պիտի կանխատեսեր, որ, եթե մյուս դատավորն ուրիշ որոշման հանգի, իմ ասած կոլապսն է դա:
Ուրեմն պետք է հասկանալ այնպես, որ այս հարցն արտադատարանական կարգով, անդրկուլիսյան եղանակներով արդեն քննարկվել է, առնվազն քննարկվել է այդ երեք դատավորների միջև, իսկ ինձ իմ փորձը ցույց է տալիս, որ սովորաբար այս կարգի հարցերը գնում-քննարկվում են վճռաբեկ դատարանում, իսկ վճռաբեկ դատարանում էլ ուրիշ ատյաններից էլ են ճշտումներ անում, մինչև որ այս կարգի հարցերին լուծում են տալիս, և, կարծես թե, մենք նորից ընկնում ենք այն շրջանակի մեջ, երբ այս գործի նույնիսկ ամենափոքր, առաջին հայացքից ոչինչ չնշանակող լուծումները տրվում են ոչ դատական համակարգի կողմից և ոչ օրենքի սահմաններում»:
Հայկ Ալումյանն ասաց, որ այս որոշումն ավտոմատ կերպով չի հանգեցնում իրենց իրավունքների սահմանափակման. «Դրանով է պայմանավորված, որ ես այս որոշումը չեմ էլ բողոքարկելու: Պարզապես սա ցույց է տալիս այս գործի շուրջ ստեղծված ընդհանուր մթնոլորտը. ամեն ինչ որոշվում է նպատակահարմարությամբ, ամեն ինչ որոշվում է նեղ շրջանակում հարցը քննարկելով, այլ ոչ թե դատարանի դահլիճում կամ դատավորի խորհրդակցական սենյակում: Սա ուղղակի ինձ համար մի ախտանիշ է»: Հայկ Ալումյանն ասաց, որ դժվարանում է դատողություններ անել՝ ինչու հենց սկզբից բողոքները չեն միավորվել մեկ դատավորի վարույթում, եթե դրա անհրաժեշտությունը կար. որքան ինքը հասկանում է, այս ամենը հիմնված չէ օրենքի վրա:
Մեր հարցին՝ այդ դեպքում այժմ բողոքները մեկ վարույթում քննելու նպատակը ո՞րն է, Հ. Ալումյանը պատասխանեց. «Ես այսպես եմ կարծում. շուտ թե ուշ պարզվելու է մի ակնհայտ բան. մեր դատարանները, եթե, իհարկե, մեր բողոքը մերժվի, օրենքը խախտել են՝ հօգուտ Խաչատրյանների կողմի: Եթե մի դատավոր է խախտում օրենքը, դա հետագայում կարելի կլինի վերագրել կոնկրետ այդ դատավորի ոչ պրոֆեսիոնալիզմին կամ ինչ-որ մի պատահականության կամ վրիպակի:
Բայց եթե նույն դատարանում երեք տարբեր դատավորներ նույնանման խախտումը թույլ տան, և, երբ մենք ապագայում կապացուցենք, լինի դա՝ Եվրոպական դատարանում կամ ավելի վաղ փուլերում, որ մեր իրավունքները խախտվել են, այն էլ՝ ծայրահեղ կոպիտ եղանակով, եթե դա արել են երեք տարբեր դատավորներ, արդեն իշխանություններին շատ ավելի դժվար կլինի բացատրել, թե դա ինչի արդյունք էր:
Արդեն ավելի ակնհայտ կդառնա, որ այստեղ ոչ թե կոնկրետ դատավորի անձն էր, ոչ թե պատահականություն էր, ոչ թե, ասենք թե, օրենքի թերի իմացությունն էր կամ դատական սխալը, այլ կոնկրետ նպատակաուղղված, ուղղորդված դատական ակտեր էին: Դրա համար հավանաբար ավելի նպատակահարմար են համարում մի դատավորի վրա այդ ամեն ինչը դնել, որպեսզի հետո հնարավոր լինի ամեն ինչ բարդել հենց այդ դատավորի վրա»: Նա նշեց, որ դատարանին ոչինչ չի խանգարում` բողոքները տարբեր դատավորների կողմից քննելիս. «Իհարկե, իրենք պատճառաբանում են, որ տեխնիկապես ավելի հարմար է, երբ մի դատավորի մոտ կքննվի:
Իրականում էլ դա տեխնիկապես, հավանաբար, ավելի հարմար է, բայց տեխնիկական հարմարությունը հավանաբար սկզբից էլ իրենց պարզ էր: Հիմա, ես կարծում եմ, երբ իրենք լավ գնահատել են խախտումների ամբողջ ծավալը, մասշտաբը, իրենք երևի հասկանում են (ես ամեն ինչ ասում եմ ենթադրությունների հիման վրա), հավանաբար իրենց պրոբլեմն այն է, թե հետագայում ինչպես են արդարացնելու այդ խախտումները, և հավանաբար հետագայում ավելի հեշտ է լինելու դա մի դատավորի թերացմանը վերագրել, քանգ Հարց կառաջանա՝ ինչպե՞ս ստացվեց, որ երեք դատավորներ նույն սխալն արեցին: Այդտեղ արդեն խնդիր կառաջանա, որ ուղղորդվել են մի կենտրոնից»:
«168 ԺԱՄ»