
ԱՄՆ-ը չի փոխել Ասադի հանդեպ իր դիրքորոշումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին համարում է բռնապետ, ով մասնակից է խաղաղ քաղաքացիներին սպանելուն:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին` արձագանքելով Ասադի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը.
«Մեր նպատակը ոչ թե յուրաքանչյուր հայտարարությանն արձագանքելն է, այլ` «Ժնև 2» կոնֆերանսի անցկացմանը պատրաստվելը: Ինչ վերաբերում է Ասադին, ապա մեր դիրքորոշումը չի փոխվել. նա բռնապետ է, որը սպանել է ավելի քան 100.000 մարդու, և նա տեղ չունի Սիրիայի ապագայում»:
Ավելի վաղ Մեդվեդևը հայտարարել էր, որ Սիրիայի նախագահին երկրի ապագայի մասին բանակցություններից բացառելու մասին առաջարկն իրատեսական չէ, և դրա փոխարեն անհրաժեշտ է քննարկել նրան անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը: