ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստում քննարկվել է երեք հարց
Հանրապետական կուսացության Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստին քննարկվել է պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման խնդիրը, բյուջեի նախագիծը եւ Մաքսային միությանն անդամակցության հարցը: Այս մասին այսօր` նոյեմբերի 1-ին ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստից հետո ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հաղրդում է news.am-ը:
Նրա խոսքով, կադրային հարցեր եւ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զախարյանի փոփոխության հարցը չի քննարկվել: Խոսելով Մաքսային միության մասին՝ Շարմազանովն ասաց, որ Մինսկի հանդիպումից հետո Մաքսային միության անդամ երկրների նախագահները կողմ են արտահայտվել Հայաստանի միանալուն: «Ավելին` պետք է ասեմ, որ անդամ յուրաքանչյուր երկիր ունի վետոյի իրավունք եւ ոչ ոք դեմ չի արտահայտվել»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Խոսելով պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման օրինագծի շուրջ առաջացած աղմուկից եւ պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր է, որ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը հրաժարվեն իրենց աշխատավարձից, Շարմազանովն ասաց. «Ես իրատեսական չեմ համարում, քանի բարձրաստիճան պաշտոնյաները միայն տասը տոկոսն են: Օրենքը տարածվում է շուրջ 270 հազար պաշտոնյայի վրա, որոնց 99 տոկոսը ուսուցիչներ են, առողջապահական ոլորտի աշխատողներ են, ուժային կառույցների աշխատողներ են, պայմանագրային զինծառայողներ են, ովքեր օր ու գիշեր ծառայում են մեր երկրին: Բարձրացումը դրական միտում է երկրում աղքատության դեմ պայքարում»:
ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստը տեւել է մոտ երեք ժամ:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: