Զարուհի Փոստանջյանը դատարան էր եկել առանց ոստիկանների
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի՝ ոստիկանության որոշման դեմ բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ Կենտրոնի ոստիկանությունը մերժել էր քրեական գործ հարուցել «Փակ շուկայի» վերակառուցման առնչությամբ Զարուհի Փոստանջյանի դիմումի վերաբերյալ, ինչն էլ Զարուհի Փոստանջյանը բողոքարկել է դատարան:
Դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ դատախազը չէր ներկայացել նիստին: Զարուհի Փոտանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, ըստ էության, բողոքարկվում է պատկան մարմինների անգործությունը. «Առկա են բազմաթիվ փաստեր, որոնք հիմք են հանդիսանում քրեական գործի հարուցման և պատասխանատվության կանչման և բարձրաստիճան պաշտոնյայի, և այլ անձանց: Բայց տվյալ դեպքում մենք հասկանում ենք և գիտակցում ենք, որ դիտավորյալ այդ փաստերին իրավական գնահատական պատշաճ կարգով չի տրվել, և որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին»:
Ըստ Զ. Փոստանջյանի՝ պատասխանատվության պետք է ենթարկվի նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կառուցապատողը: «Սամվել Ալեքսանյանն ինքը անձամբ չի հերքել, որ այդ կառույցն իրոք իրեն է պատկանում և այդտեղ շինարարական գործողությունները նաև իր կամքով են այդտեղ տեղի ունեցել: Այդ կապն արդեն թող պարզեն իրավապահ մարմինները, պետք է պարզեն՝ որքանո՞վ են նրա գործողությունները հանցակազմ պարունակում: Բայց այստեղ Տարոն Մարգարյանի գործողությունները միանշանակ ես կարող եմ պնդել, որ հանցակազմ են պարունակում:
Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ իշխանությունները չեն կանխել «Փակ շուկայի» շինարարությունը, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, մենք չունենք այսօր այնպիսի իշխանություն, որը պատկանի հայ ժողովրդին: Հենց դա է հիմնական պատճառը: Այսօր քաղաքային իշխանությունները չեն իրականացնում մեր քաղաքացիների կամքը: Սա է խնդիրը: Այն ավագանին, որը այս պահին գործում է, ըստ էության, ոչ թե գործում է ավագանու առաքելության ներքո, այլ գործում է ընդդեմ Երևանի քաղաքացու»:
«Փաստորեն սա կազմակերպված հանցագործություն է, որը տեղի է ունեցել ոչ միայն Սամվել Ալեքսանյանի ցանկությամբ, այլ նաև խիստ հովանավորչությամբ, որի հիմնական, գլխավոր հովանավոր բարձրաստիճան պաշտոնատար անձը Տարոն Մարգարյանն է»,- հավելեց նա:
Զարուհի Փոստանջյանի փաստաբան Հերմինե Միքայելյանն ասաց, որ կառուցապատողի կողմից թույլ է տրվել օրենքի խախտում. «Չունի համապատասխան թույլտվություն, չկան համապատասխան շինարարության և քանդման թույլտվություններ, չկան նախագծերը, դրա հիման վրա ապօրինի շինարարություն է կատարվել»:
Փաստաբանի խոսքով՝ չնայած այս հանգամանքներին՝ իրավապահ մարմինները ոչ մի միջոցառում չեն ձեռնարկել, իսկ պետական մարմինների կողմից հովանավորչություն է եղել:
Ըստ նրա՝ չնայած կառուցապատողը վարչական պատասխանատվության է ենթարկվել՝ չի կանխվել շինարարությունը, վերականգնել հասցված վնասը: «Գործում առկա են մի շարք թվացյալ կամ կարելի է ասել այնպիսի ձևաթղթեր, որոնք նման են շինթույլտվության և քանդման թույլտվության, սակայն դրանցում պարունակող այն նախադասությունները, որոնք համապատասխան իրավական ուժ են տալիս, այդ փաստաթղթում որպես այդպիսին գոյություն չունեն»,- ասաց Հերմինե Միքայելյանը:
Նշենք, որ այսօր Զարուհի Փոստանջյանը ներկայացել էր դատարան միայնակ՝ առանց ոստիկանների: Նա նշեց, որ իրեն չեն ասել՝ ինչո՞ւ ոստիկանները չեն եկել: Լրագրողների հարցին՝ այժմ էլ վտանգ զգո՞ւմ եք, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Քանի դեռ այդ անձիք, ովքեր հրապարակավ հայտարարություններ են արել իմ նկատմամբ հաշվեհարդար լուծելու, չեն ենթարկվել պատասխանատվության, իհարկե, վտանգը շարունակում է մնալ»: