Բաժիններ՝

Տեղի կունենա «Շիրվան, Առան և Ատրպատական» միջազգային գիտաժողով

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնը նոյեմբերի 1-2-ին կազմակերպում է «Շիրվան, Առան և Ատրպատական» (Shirvan, Arran and Azerbaijan: A Historical-Cultural Retrospective) վերնագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված անվանի իրանցի պատմաբան պրոֆեսոր Էնայաթոլլա Ռեզայի հիշատակին։

Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն արևելագետներ (իրանագետներ, կովկասագետներ) Գերմանիայի, Իրանի, Լեհաստանի, Կանադայի, Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ռուսաստանի ու Վրաստանի հեղինակավոր գիտական կենտրոններից ու համալսարաններից, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության ու Հյուսիսային Կովկասի բնիկ ժողովուրդների (թալիշների, թաթերի, ավարների, լեզգիների, լակերի, ինգիլոյցիների ու խինալուգների) անվանի գիտնական ներկայացուցիչներ։

Մասնակիցներն իրենց ելույթներում կներկայացնեն տարածաշրջանի և նրա սահմաններում առաջացած ժամանակակից պետությունների պատմության, մշակույթի ու քաղաքականության վերաբերյալ սեփական ուսումնասիրությունների արդյունքները՝ մասնավորապես անդրադառնալով նաև համեմատաբար վերջերս ամրակայված ու քաղաքականացված դրդումներով առաջացած միտումնավոր գործընթացներին, երբ պատմական Ազերբայջան (Իրանի հյուսիսային Ատրպատական նահանգ) անվանման աշխարհագրական սահմանները ընդլայնվեցին դեպի հյուսիս՝ ներառելով նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքը։

Կներկայացվեն Շիրվանի, Առանի, Հայաստանի ու Ատրպատականի պատմական քարտեզներ։ Ուշադրություն է դարձվելու միջկրոնական ու միջէթնիկական հարաբերությունների տարբեր ասպեկտներին, ինչպես նաև էթնոգենեզի ու Իրանի և Ռուսական կայսրության/ԽՍՀՄ սահմանագլխին նոր ազգային գաղափարախոսությունների ստեղծման հարցերին։ Այս կապակցությամբ հետարքրքիր են Առանում ու Շիրվանում «թյուրք» էթնոնիմի պատմության մասին զեկույցն ու դիտարկվող տարածաշրջանի պատմության մեջ հյուսիսկովկասյան ու այլ հարևան ժողովուրդների դերի մասին քննարկումները։

Պատմական ու ազգագրական տեղեկությունները կլրացվեն նաև մշակութաբանության, լեզվաբանության ու գրականագիտության ոլորտին վերաբերող ելույթներով՝ դիտարկելով և՛ բնիկ ժողովուրդների բանավոր ավանդույթները, և՛ իրանական դասական բանաստեղծների, մասնավորապես Նիզամի Գյանջևիի գրական ժառանգությունը։
Գիտաժողովը կմեկնարկի ԵՊՀ Չարենցի անվան լսարանում ժամը 10.00:

Մուտքն ազատ է։

Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

ԵՊՀ Իրանագիտության ամբիոն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս