«Էդ մի երկու կոպեկ գրանտների խաթր ինչքա՞ն կարան վարկաբեկեն». Ռուբեն Հայրապետյանը՝ Փակ շուկայի և Մաքսային միության մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Երևանի Փակ շուկայի վերակառուցման, Մաքսային միությանը միանալու թեմաներին: Ըստ պարոն Հայրապետյանի՝ իր ընկեր Սամվել Ալեքսանյանը բնավ էլ չի աղճատել Փակ շուկայի տեսքը՝ կառուցելով երկրորդ հարկ:
«Լավ են արել երկրորդ հարկ են կառուցել: Եթե ես լինեի, գուցե 25 հարկ կառուցեի: Եթե Փակ շուկան կառուցեր մեկ այլ կուսակցության ներկայացուցիչ, օրինակ ԲՀԿ-ից, ՀԱԿ-ից, հաստատ որևէ մեկը ձայն չէր հանի, բայց իմ, Սամվել Ալեքսանյանի դեպքում հակառակն է: Մարդը կառուցել է շատ գեղեցիկ շուկա, էդ մի երկու կոպեկ գրանտների խաթր ինչքան կարան վարկաբեկեն»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը և հավելեց՝Փակ շուկայի պատմաճարտարապետական տեսքը չի փոխվել:
«Ի՞նչ պատմաճարտարապետական շենքի մասին է խոսքը, էդ որ Աբովյան փողոցում 20 հարկանի շենք էին կառուցում, ոչ մեկդ ձեն չէիք հանում: Փակ շուկայում ի՞նչ կար պատմաճարտարապետական»:
Խոսելով Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման մասին՝ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ թեմային ամբողջությամբ չի տիրապետում,
«Մաքսային միության թեմային լիովին ծանոթ չեմ, չեմ կարող սպառիչ պատասխան տալ: Բայց կարծում եմ այն բասացական ազդեցություն չի ունենա: Համենայնդեպս ֆուտբոլի պարագայում կարող է ունենալ դրական ազդեցություն. Ռուսաստանում լեգիոներ ֆուտբոլիստների թիվը սահմանափակված է, այժմ ռուսական ակումբներ կան, որ հետաքրքրված են հայ ֆուտբոլիստներով, բայց չեն կարող նրանց ձեռք բերել լեգիոներների թվի համար: Եթե միանանք Մաքսային միությանը, այդ դեպքում հայ ֆուտբոլիստները հնարավորություն կունենան խաղալու ավելի բարձրակարգ լիգայում»,-ասաց Ռ. Հայրապետյանը:
ԳԱՅԱՆԵ ԱԲԱՍՍՅԱՆ