Ինչո՞ւ Վարդան Պետրոսյանը պալատ չի տեղափոխվել
Հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի արդյուքնում հիվանդանոց տեղափոխված Վարդան Պետրոսյանը դեռևս վերակենդանացման բաժանմուքնում է: Նրա առողջական վիճակում փոփոխություններ չկան. բժիշկները դերասանի վիճակը գնահատում են կայուն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունայանը: Վերջինս ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, 168.am-ին հայտնել էր, որ հնարավոր է՝ նշված օրը Վարդան Պետրոսյանը տեղափոխվի պալատ:
Ուստի Շուշան Հունանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Վարդան Պետրոսյանին մինչ օրս պալատ չտեղափոխելը կապվա՞ծ է նրա առողջական վիճակի վատթարացմամբ, թե՞ այլ պատճառ կա: «Ոչ մի խնդիր չկա: Պարզապես բժիշկներն այդպես ավելի նպատակահարմար են գտնում»,- ի պատասխան ասաց Շ. Հունանյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին իրար էին բախվել ՎԱԶ-21214» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաները: «ՎԱԶ-21214»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց. ուղևորներից երկուսը մահացել են:
Ոստիկանությունում դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով):