ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև գազատրանսպորտային կոնսորցիումի ստեղծման հարցն այլևս այժմեական չէ. Գլազև
Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև գազատրանսպորտային կոնսորցիումի ստեղծման հարցն այլևս այժմեական չէ:
Գլազևը համագործակցության պլանից հրաժարվելը բացատրել է նրանով, որ Ուկրաինան հանդիսանում է Եվրոպական էներգետիկ ընկերակցության մասնակից, ինչը նրան հարկադրում է գործել ԵՄ-ի նորմերին համապատասխան:
Մասնավորապես, Կիևի քաղաքականությունը պետք է համաձայնեցվի ԵՄ-ի երրորդ էներգոփաթեթի նորմերի հետ, որոնք արգելում են էներգակիրների մատակարարներին ունենալ տրանսպորտային ցանցեր:
Դա նշանակում է, որ «Գազպրոմը» Ուկրաինայի հետ կոնսորցիում ստեղծելու դեպքում չի կարող մատակարարել սեփական վառելիքը: Այլ կերպ ասած՝ ռուսական կոնցեռնը չի կարող միաժամանակ հանդիսանալ կոնսորցիումի մասնակից և վառելիքի մատակարար:
Ուկրաինան Եվրոպական էներգետիկ ընկերակցություն է մուտք գործել 2011 թվականի փետրվարին: Նույն տարվա վերջին ի հայտ եկան առաջին տեղեկությունները, որ Կիևը, Մոսկվան և Բրյուսելը կարող են ստեղծել եռակողմ տրանսպորտային կոնսորցիում՝ ուկրաինական գազատրանսպորտային համակարգի բազայի հիման վրա: