ԱՄՆ-ը կանոնավորապես ՌԴ-ին հիշեցնում է Սնոուդենին արտահանձնելու անհրաժեշտության մասին. Ջեյ Քարնի
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կանոնավորապես Ռուսաստանին հայտնում է իր կարծիքը, որ անհրաժեշտ է հանձնել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին.
«Մեր դիրքորոշումը չի փոխվել: Այն ակնհայտ է, և մենք այդ մասին կանոնավորապես հայտնում ենք ռուսական կառավարության պաշտոնատար անձանց հետ մեր բանակցություններում: ԱՄՆ-ը պնդում է Սնոուդենի հանձնման վրա, որպեսզի նրան դատապարտի գաղտնի տեղեկատվությունն ապօրինի տարածելու համար»:
Քարնին ընդգծել է, որ ԱՄՆ-ում ամբաստանյալին շնորհվում են շատ բանով բացառիկ իրավունքներ, և որ Սնոուդենը վախենալու բան չունի՝ ամերիկյան դատարանի առջև կանգնելու համար:
Սնոուդենն այս տարվա հունիսին ժամանել է Ռուսաստան՝ մտադիր լինելով ճանապարհը շարունակել դեպի Լատինական Ամերիկա: Սակայն բանակցությունների արդյունքում նա մնացել է Ռուսաստանի տարածքում՝ ստանալով ժամանակավոր (1 տարով) կացության իրավունք:
Ռուսաստանն ամերիկյան պնդումներին պատասխանում է, որ Սնոուդենի արտահանձնման մասին որևէ խոսք չի կարող լինել, քանի որ նա որևէ հանցանք չի գործել երկրի տարածքում, իսկ երկու երկրների միջև գոյություն չունի արտահանձնման մասին համաձայնագիր: