Բաժիններ՝

Բանաձևային ճնշամիջոցների փորձեր՝ անորոշ քվեարկություններով

Եվրախորհրդարանի ընդունած (կամ չընդունած` նկատի ունենալով քվեարկության հետ կապված անորոշությունները) բանաձևը` Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման մասին, հայտնապես հայանպաստ չէ: Բնական է, որ առաջին հակազդեցությամբ մեկնաբանությունները իբրև շարժառիթ պիտի ընդունեն ՀՀ-ի` ՄՄ-ի անդամակցության որոշումը:

Քաղաքական իրադրությունները հետզհետե ավելի համոզիչ են դարձնում այն, որ խնդիրը կապված է բացարձակորեն քաղաքական ազդեցության գոտիների վերագծման հետ, և Հայաստանի թեքումը` այս կամ այն կողմ, արժանանում է  քաղաքական ճնշամիջոցների:

Եթե դեպի ևրոպա ընթացող Երևանի քայլերը ստանան արագակշռույթ բնույթ, ապա Մոսկվան կզինի Բաքվին և հատուկ ջերմություն կապահովի Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում: Երբ Մոսկվայում Երևանը իր մտադրությունը կբացահայտի մաս կազմելու ՄՄ-ին, Եվրախորհրդարանը կհիշեցնի Հայաստանի «գրավող կողմ» լինելն ու ՄԱԿ-ի այն բանաձևերը, ուր արծարծվում են հայկական ուժերի «ադրբեջանական  տարածքներից» հեռանալու պահանջը: և ճնշամիջոցները այսպես շարունակվում են անընդմեջ: Երևանը կհայտնի իր պատրաստակամությունը` ստորագրելու ասոցացման փաստաթուղթը, ՄՄ-ի ճարտարապետներից հանդիսացող Բելառուսի նախագահը կշեշտի, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին տեսանելի ժամկետի մեջ չի տեղավորվում:

Քաղաքական ճնշամիջոցների միջև հայտնված Երևանը փորձ  է կատարում շարունակելու «թե-թե»-ի արտաքին քաղաքականությունը: Մյուս կողմից, Բաքուն փորձում է լիարժեքորեն օգտագործել ԵՄ-ի և ՄՄ-ի տնտեսական-քաղաքական արևելումների ճշտումի երկսայրաբանությունում (դիլեմա) հայտնված Հայաստանի դեմ առավելություններ ապահովելու իր քաղաքականությունը: Այս առավելությունները, թվում է, թե ո՛չ միայն քաղաքական են, այլ նաև` զինվորական: Իջևանի ուղղությամբ կատարված ռազմական ոտնձգությունը իր տեսակի մեջ առանձնանում է: Այս մեկը դիպուկահարների ընդհանրացած երևույթի մաս չի կազմում թե՛ իբրև ճակատ, թե՛ իբրև բնույթ, և թե՜ իբրև տարողություն: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ստիպված էր ճամփա փակել` քաղաքացիների անվտանգության հետ կապված մտահոգություններից մեկնած:

Հիշենք, որ ռուսական «Ռեգնում» գործակալությունը խոսում էր Բաքվի կողմից իրականացված օդային հարձակման մասին: Հայկական պաշտոնական լրահոսը հարձակման բնույթը չէր հստակեցնում:

Քաղաքական հողի վրա Բաքուն կարող է անհրաժեշտություն չունենալ նման ժամանակահատվածներում լոբբիստական ներուժ կենտրոնացնելու: Ճնշամիջոցային քաղաքականությունը նման եզրակացության կարող է հանգել քաղաքական տրամաբանությամբ: Բայց նախ նայենք, թե ի՞նչ է ասում այդ անորոշ քվեարկության արդյունքով հրապարակված բանաձևը:

«Արևելյան գործընկերության մասնակից երկրի կողմից մեկ այլ մասնակից երկրի տարածքի օկուպացիան խախտում է Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքներն ու նպատակները։ ԱԳ երկրների տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ ներգրավվի հակամարտությունների կարգավորման գործընթացում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի ՄԱԿ ԱԽ 1993 թ. չորս  բանաձևերին և այն սկզբունքներին, որոնք ամրագրված են ԵԱՀԿ ՄԽ 2009 թ. Աքվիլայի համատեղ հայտարարության մեջ»:

Տարածքի բռնագրավման մասին հաստատում կատարող բանաձևը իր առաջին բաժնով չէր ակնարկում միայն Արցախը: Արևելյան գործընկերության մասնակից երկրները, որոնք տարածքային խնդիրներ ունեն` Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ադրբեջանն են: Բայց այս նրբությունը հիմնական նշանակություն չունի, որովհետև խնդիրը մասնակիորեն կենտրոնանում է Արցախի վրա, նույն բանաձևում:

Ճիշտ է, որ երբ տարածքի բռնագրավում բառակապակցություններն են օգտագործվում, թվում է, որ առաջին հերթին հակահայ բանաձև է ներկայացվածը` միակողմանի և Ադրբեջանի շահերը գերադասող: Սակայն մի պահ  նույնիսկ շրջանցելով քվեարկության անորոշության երևույթը,  բանաձևի համատեքստը կա՛մ ինքնահակասական է կամ էլ խառն ուղերձներ պարփակում: Անշուշտ, ՄԱԿ-ի բանաձևեր վկայակոչելը ենթադրում է արծարծել հայկական ուժերի հեռացման պահանջը:

Միաժամանակ, սակայն Աքվիլան վկայակոչելը ենթադրում է ուժերի հեռացման պահանջին առընթեր, ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Ինչ որ նշված է նաև ա՛յս բանաձևում իբրև իրավահավասար սկզբունք տարածքային ամբողջականության:

Օգտագործված բառապաշարն ու վկայակոչված բանաձևերը դիվանագիտական ոլորապտույտների մաս են կազմում։ Հիմնականը այն է, որ եվրախորհրդարանականներն այժմ կարիքը զգացել են Արցախի մասին բանաձև որդեգրելու` Արևելյան գործընկերության հետ հարաբերությունների ամրապնդման կարգախոսի տակ: Շարժառիթն էլ նույն բանաձևի  նախագծում հստակորեն ընդգծվել է: «Հայաստանը որոշել է միանալ ՄՄ-ին, ինչ-որ  անհամատեղելի է ասոցացման մասին համաձայնագրի հետ»:

Հիմա ավելի պարզ է դառնում, թե ինչո՛ւ եվրախորհրդարանականները հիշել են արցախյան խնդիրը: Քաղաքական նման ճնշամիջոցների դիմելու վարքագծի բացահայտում է արձանագրվածը: Պարզ է նույնքան, որ միայն Մոսկվան չէ, որ  ճնշամիջոց  է կիրառում Երևանի վրա: Եվրոպան, իր ոճով, այս դեպքում բանաձևային ճնշման փորձով, Երևանին պատգամներ է փոխանցում: Երկու ուղղությունների վրա էլ ճնշամիջոցների թիրախը Արցախն է:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս