Թե ինչու Նաիրա Կարապետյանը հիշեց Նապոլեոն Բոնապարտին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայտարարությունը ԱԺ նիստում:

«Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի վերջին նստաշրջանում ՀՀ Նախագահի ելույթը և նրան հաջորդած հարցուպատասխանը փաստեց, որ հայրենասիրությունը տարբեր մարդկանց կողմից ընկալվում է բացարձակ տարբեր կերպ: Փաստեց, որ քաղաքական հնարք և քաղաքական կատեգորիա կարող է հանդիսանալ նաև արկածախնդրությունը և զրպարտությունը: Սակայն այն, ինչ կատարվեց վերջերս, զարմացրեց շատերին: Խոսքս շրջանառվող օրենսդրական նախաձեռնության մասին է, որով առաջարկվում է Հայաստանի կողմից ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Առաջին հայացքից շարքային քաղաքացիների համար, ովքեր ամենայն խորությամբ չեն պատկերացնում բանակցային գործընթացը, տեսանելի չեն այն լրջագույն վտանգները, որոնք ի հայտ են գալու այսօրինակ քայլից հետո:

Փորձեմ մանրամասնել:

Այսքան տարի տևած գործընթացի ձեռքբերումներից է այն, որ Հայաստանն այսօր բանակցությունները տանում է ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի՝ Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված լուծման, առանց Ղարաբաղի իշխանությունների մասնակցության, իսկ Ադրբեջանը հերթական հնարքն է փնտրում ներկա ընթացքը խափանելու և բանակցությունների արդյունքները զրոյացնելու ուղղությամբ: Ադրբեջանը չի խուսափում կիրառել բոլոր բարոյական և ոչ բարոյական մեթոդները՝ սկսած բացահայտ ստի վրա հիմնված տեղեկատվական գրոհից և վերջացրած կաշառքի՝ խավիարի և նավթի հայտնի ձևաչափի:

Ձևավորված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը, պատշաճ կերպով կատարելով հանձնառությունները, գտնվում է շահեկան իրավիճակում, և Ադրբեջանի ջանքերը՝ որևէ կերպով մեր կողմից որևէ բացթողում կան սայթաքում գտնելու և միջազգային կառույցերում Հայաստանի հեղինակության խաթարմանը նպաստելու հարցում շարունակաբար ձախողվում եմ:

Եվ պատկերացրեք, թե ինչպիսի հզոր խաղաքարտ կհայտնվի հարևան պետության ձեռքում, եթե հանկարծ մենք ճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դիվանագիտական և քաղաքական մեծ գիտելիքներ պետք չեն հասկանալու, որ սա կլինի կտրուկ շրջադարձ բանակցությունների սեղանի շուրջ, կտրուկ դեպի հակառակորդ կողմ: Ընդհուպ մինչև պատերազմական գործողություններ:

Ինչևէ, վստահ եմ, որ ԼՂ հիմնահարցը այն հարցն է, որի հայանպաստ լուծման հարցում մենք պետք է լինենք միակամ: Լիովին միակամ: Չկրկնե´նք ռամիլ սաֆարովի արտահանձման հետ կապված ԱԺ հայտարարության քվեարկության մեր ամոթալի օրինակը, երբ չկարողացանք քվեարկել միաձայն: Ստացվեց գրեթե միաձայն:

Ցավոք, այսօր կրկին արդիական են դառնում Նապոլեոն Բոնապարտի խոսքերը:

«Մեծ քաղաքականությունը ընդամենը մեծ գործերում ողջամտության պահպանումն է»»:

 

Տեսանյութեր

Լրահոս