Ցոլակ Մկրտչյանի այրի. Փորձագետները ակնհայտ բժշկին են պաշտպանում
Մասիսի բժշկական կենտրոնում 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան գործով տուժող կողմը համաձայն չէ գործով երկրորդ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության հետ՝ այն որակում է որպես «ակնհայտ ապօրինի, սխալ եզրակացություն»:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը: Իսկ տուժող Ցոլակ Մկրտչյանի այրին՝ Արևիկ Զոհրաբյանը նշել է, որ իրենք ներկա են գտնվել փորձաքննությանը, շատ հարցեր են տվել փորձագետներին, սակայն պատասխաններն իրենց չեն գոհացրել: «Ակնհայտ երևում էր, որ բժշկին են պաշտպանում»,- ասել է նա:
Տուժող կողմը ներկայումս քննարկում է ևս մեկ փորձաքննություն նշանակելու միջնորդություն անելու հարցը՝ նախորդ երկու հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունների միջև առկա հակասությունների հիմքով:
Այսպես, հուլիսի 24-ին նշանակված և հոկտեմբերի 8-ին անցկացված փորձաքննության եզրակացության համաձայն, «Ց.Մկրտչյանի ախտորոշումը որոշելիս և ախտանիշային բուժօգնություն ցուցաբերելիս բուժանձնակազմի կողմից թերություններ ու խախտումներ թույլ չեն տրվել», իսկ «բարալգետաս» դեղամիջոցի ներարկման ընթացքում առաջացած և կայծակնային զարգացած անաֆիլակտիկ ռեակցիայի և Կվինկեի այտուցի կապակցությամբ անհետաձգելի առաջին բուժօգնության միջոցները՝ «դեքսամետազոն» և «դիմեդրոլ» դեղամիջոցների ներարկումները, սկսված ինֆուզիոն թերապիան, օդատար խողովակի տեղադրումը, թթվածնի ինհալացիան կատարվել են ճիշտ և եղել են ցուցված: Փորձագետները՝ վկայակոչելով հիվանդության պատմագրի տվյալները, նշել են, որ «ադրենալինի» ներարկումը կատարվել է որոշակի ժամանակահատված անց՝ բուժհաստատություն շտապ հրավիրված անեսթեզիոլոգի կողմից, «ի թիվս նաև ճիշտ կատարվել են անհրաժեշտ դեղամիջոցների ներարկումներ ու ձեռնարկվել անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ, որոնք սակայն եղել եմ ոչ արդյունավետ»: Ըստ փորձագետների, «ստույգ եզրակացնել, թե տվյալ դեպքում «ադրենալինի» առավել վաղ չներարկումը Ց.Մկրտչյանի մահվան հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող թերություն կամ բացթողում համարել հնարավոր չէ»:
«Մեզ համար ակնհայտ է, որ փորձագետներն ունեն որոշակի կանխակալ վերաբերմունք, կաշկանդվածություն, և փորձաքննության անցկացման երկու ամսից ավելի ձգձգումը երևի պայմանավորված էր նրանով, որ իրենք ցանկանում էին ինչ-որ կերպ սատարել, աջակցել ու պարտակել բժշկի արածը»,- գտնում է Ինեսսա Պետրոսյանը՝ նկատելով, որ այս եզրակացությունն էապես հակասում է նախորդ՝ նույնպես հանձաժողովային փորձաքննության եզրակացությանը»:
Մանրամասները կարդացեք այստեղ`