
ՀՀԿ-ն չի կարողանա անտեսել ԲՀԿ-ին

168.am-ի տեղեկություններով, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում այլ փոփոխությունների թվում, քննարկվում է նաև Սահմանադրության մեջ կոալիցիոն կառավարության ձևավորման կարգ սահմանելու հնարավորությունը: Ըստ այդմ, առաջարկվում է սահմանել, որ խորհրդարանում մեծամասնություն ստացած քաղաքական ուժը կոալիցիա կազմելու առաջարկ սկզբում պետք է ներկայացնի ընտրություններում երկրորդ տեղը գրաված քաղաքական ուժին, և միայն նրա կողմից մերժում ստանալու դեպքում՝ հնարավորություն ունենա կոալիցիա կազմել խորհրդարանում ավելի պակաս ներկայացվածություն ունեցող ուժերի հետ:
Այս փոփոխության իմաստն այն է, որ խորհրդարանում վերջին տեղը հայտնված կուսակցությունները չլինեն կառավարությունում, իսկ երկրորդ տեղը գրաված քաղաքական ուժը դուրս մնա իշխանությունից: Իհարկե, երկրորդ տեղը գրաված քաղաքական ուժը կարող է հրաժարվել մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը` նախընտրելով դառնալ ընդդիմություն, բայց Սահմանադրությունը պարտավորեցնում է առաջին տեղը գրաված քաղաքական ուժին` չանտեսել իրենից քիչ ձայն ստացած, բայց երկրորդ տեղը գրաված կուսակցությանը:
Եթե այս նորմը լիներ գործող Սահմանադրության մեջ, 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն պարտավորված կլիներ կոալիցիա կազմավորելու համար դիմել ԲՀԿ-ին, և նրա մերժումը ստանալուց հետո միայն՝ կոալիցիա ստեղծել ՕԵԿ-ի հետ: Չնայած ՀՀԿ-ն ընտրություններում ստացել էր որակյալ մեծամասնություն, որի դեպքում կարող էր նաև կոալիցիա չձևավորել: