Իրավապաշտպանը` Փոստանջյանի դիմումի և Ասրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորության մասին
Հոկտեմբերի 16-ին Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` խնդրելով ԱԺ տարածքում ապահովել իր անվտանգությունը և անխափան աշխատանքի հնարավորությունը և միջոցներ ձեռնարկել, որպեսզի մասնավորապես ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանն ու Կարեն Ավագյանը չկարողանան մոտենալ իրեն՝ այդկերպ բացառելով իր նկատմամբ ոտնձգություն իրականացնելու հնարավորությունը:
Նշենք, որ խնդիրը կապված է Ստրասբուրգում` ԵԽԽՎ նստաշրջանում, հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Փոստանջյանի հնչեցրած հայտնի հարցի և դրանից հետո վերոնշյալ պատգամավորների` մամուլում Զարուհի Փոստանջյանի հասցեին վիրավորանք պարունակող հայտարարությունների հետ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով այս հարցի վերաբերյալ, նշեց, թե չի կարող բացառել, որ վերոնշյալ պատգամավորները «նման իրավիճակներ» կարող են ստեղծել նաև Ազգային Ժողովում:
«Ո՞վ կարող է, ասենք, Գալուստ Սահակյանին արգելել ԱԺ-ի ամբիոնից նման տիպի արտահայտություններ անել, որից հետո կարող են նաև որոշակի քայլեր լինել»,- հարց հնչեցրեց իրավապաշպանը:
Հիշեցնենք, որ մասնավորապես Գալուստ Սահակյանն ասել էր, որ կազինոյի մասին Փոստանջյանի հարցին կպատասխաներ «յոթհարկանիով», իսկ հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել էր. «Հենց վիրավորելու իմաստով եմ ասել դա»:
Արթուր Սաքունցն իր հերթին նշեց, որ խնդիրը ոչ թե կարծիքներն են, այլ այդ կարծիքների բովանդակությունը. «Եթե կարծիքները կամ ելույթներն իրենց մեջ պարունակում են սպառնալիք, ապա սպառնալիքի դեմը պետք է առնել, կապ չունի` պատգամավորը մեկ այլ պատգամավորի մասին ասում, թե ցանկացած քաղաքացու»:
Այս համատեքստում մենք հիշեցրեցինք նույն Զարուհի Փոստանջյանի հասցեին մեկ այլ հանրապետական Խաչիկ Ասրյանի` ավելի ծայրահեղական արտահայտության մասին:
«Ըստ Քրեական օրենսգրքի` նման հայտարարությունները քրեորեն հետապնդելի արարք են համարվում»,- ասաց Արթուր Սաքունցը: Ի դեպ, Արթուր Սաքունցն այս կապակցությամբ հոկտեմբերի 11-ին դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին` հարուցել քրեական գործ Խ. Ասրյանի նկատմամբ և նրան ենթարկել համապատասխան պատասխանատվության՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի, այն է` «սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը,…» համարվում է հանցագործություն և նախատեսվում է քրեական պատասխանատվություն:
Սաքունցն ավելացրեց, որ դիմումն ուղարկել է նաև Հատուկ քննչական ծառայություն և 10 օրվա ժամկետում սպասում է իրավապահ մարմինների համապատասխան գործողությանը և որոշմանը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի անդամ, Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, yerkir.am-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնելով «կազինոների» հարցի վերաբերյալ, այսպես էր արտահայվել.
«Նույն Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա դ’Արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի», սակայն ավելի ուշ հանդես գալով հայտարարությամբ` պնդել էր, թե «իր խոսքերը բացառապես փոխաբերական իմաստ են արտահայտել՝ Զարուհի Փոստանջյանների մեջ հայոց պետականության հանդեպ ունեցած իրենց կենսական ու կենցաղային ատելությունը վերացնելու և ընդհանուր առմամբ` Զարուհի Փոստանջյանին սթափեցնելու այլ պարագաներում, նույնպես, նմանատիպ սխալներ չկրկնելու համար»:
Մեր հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է Խաչիկ Ասրյանին քրեական պատասխանատվության ենթարկելը, իրավապաշտպանն այսպես պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ անհնար է և ամեն ինչ հնարավոր է: Բայց ես չեմ ելնելով նրանից, թե ինչ է հնարավոր և ինչ հնարավոր չէ, ես ասում եմ, թե ինչ գործողություն պետք է կատարել»: