ԱՄՆ հանրապետականներն ու դեմոկրատները չեն գնա հետագա առճակատման. Հայկ Բալանյան
Մինչև ամերիկյան դեֆոլտը մնացել է շուրջ 1 օր: Եթե հանրապետականներն ու դեմոկրատները ի վերջո համաձայնության չգան պետբյուջեի և պետպարտքի առաստաղի բարձրացման շուրջ, ԱՄՆ-ը չի կարողանա արտաքին աղբյուրներից միջոցներ ներգրավել` եղած ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: ԱՄՆ դեֆոլտը աղետալի հետևանքներ կունենա աշխարհի բոլոր երկրների համար. մասնավորապես, այն անկայունություն կառաջացնի արժութային և ֆոնդային շուկաներում, և կդանդաղեցնի պետությունների տնտեսական աճը: Սրան համակարծիք էր նաև Համաշխարհային բանկի նախագահը:
Մինչ ամբողջ աշխարհն սպասում է, թե իրադարձություններն ինչպես կզարգանան ԱՄՆ-ում, շատ պետությունների ֆինանսների նախարարները, փորձագետներ և վերլուծաբաններ, այնուամենայնիվ, կարծում են, որ ԱՄՆ-ում դեֆոլտ չի լինի, բայց միաժամանակ անհանգստությունը պահպանվում է:
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Հայկ Բալանյանը տեսակետ հայտնեց, որ ԱՄՆ-ում դեֆոլտ հնարավոր չէ: Ամեն դեպքում, եթե դրանից խուսափել չհաջողվի, ըստ Հ. Բալանյանի, այն կազդի ողջ աշխարհի վրա, այդ թվում և Հայաստանի:
«Դեֆոլտը լուրջ հարված կլինի ԱՄՆ տնտեսության բիզնես ակտիվության վրա, ներդնողների պլանների, ԱՄՆ-ի տնտեսության ծավալների, ներկրման, սպառման մասով, ֆինանսական գործարքների վրա և այլն: Եվ նկատի ունենալով ԱՄՆ-ի դերը համարշխարհային տնտեսության մեջ, անկասկած, այլ երկրները նույնպես կզգան ամերիկյան ճգնաժամի հետևանքները: Այս խոսակցությունները դեֆոլտի մասին և բյուջեի հաստատման հետ կապված քաշքշուկը ներամերիկյան քաղաքական և էլիտային պայքարի հետևանք են, սակայն ինչ-որ պահի իհարկե կողմերը կգան փոխզիջումների և չեն գնա հետագա առճակատման: Դա ուղղակի ժամանակի խնդիր է»,- ասաց Հ. Բալանյանը: