Շվեյցարիան հրաժարվում է բանկային գաղտնիքից
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Շվեյցարիան որոշել է միանալ այն երկրներին, որոնք պայքարում են հարկեր վճարելուց խուսափելու դեմ՝ ստորագրելով համապատասխան կոնվենցիան: Շվեյցարիան ստորագրել է հարկեր վճարելուց խուսափելու դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիան:
Այսուհետ աշխարհի խոշորագույն օֆշորային գոտին կարող է հայտնել իր հաճախորդների անունները և տրամադրել նրանց բանկային հաշվեհամարների մասին տեղեկատվություն՝ նույն կոնվենցիան ստորագրած երկրների համապատասխան մարմինների կողմից հարկային ստուգումներ անցկացնելու համար:
Բազում տարիների բանակցություններից հետո Շվեյցարիան ստորագրել է Հարկային հարցերի գծով փոխադարձ վարչական աջակցության մասին կոնվենցիան՝ չեղյալ հայտարարելով բանկային գաղտնիքը: Ընդ որում, այդ որոշումն իր հերթին կարող է չեղյալ հայտարարվել Շվեյցարիայի խորհրդարանի կողմից կամ էլ հանրաքվեի միջոցով:
Շվեյցարիան դարձավ կոնվենցիան ստորագրած 58-րդ երկիրը: Սա նշանակում է, որ Շվեյցարիան այլևս դադարում է իր հայրենիքում հարկեր վճարելուց խուսափողների համար հանդիսանալ որպես խաղաղակայան:
Ստորագրած կոնվենցիային համապատասխան՝ Շվեյցարիայի իշխանությունները պետք է այլ երկրների հարկային մարմինների դիմումից հետո տվյալներ տրամադրեն իրենց բանկերում ավանդատուների վերաբերյալ: Մոտ ապագայում, Շվեյցարիան պետք է ստորագրի ավանդատուների տվյալների ավտոմատ փոխանակման մասին համաձայնագիրը:
SwissInfo-ն ընդգծել է, որ շվեյցարական կողմը դեռ չի վավերացրել կոնվենցիան, քանի որ դրա համար անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը: Լիովին հնարավոր է, որ ի հակադրություն կառավարության՝ Շվեյցարիայի դաշնային ասամբլեան հրաժարվի համաձայնագրին մասնակցելուց, քանի որ այս տարվա հունիսին պատգամավորներն արդեն իսկ հրաժարվել են չեղյալ հայտարարել բանկային գաղտնիքը:
Դա կարող է հանգեցնել ԵՄ-ի ու Շվեյցարիայի միջև կոնֆլիկտի սրման: 2013 թվականի սկզբին հարկային գծով եվրահանձնակատար Ալգիրդաս Սեմետան հայտարարել էր, որ ԵՄ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Շվեյցարիայի դեմ, եթե այդ երկրի իշխանությունները չհրաժարվեն բանկային գաղտնիքից: Reuters գործակալությունն ընդգծում է, որ կոնվենցիայի վավերացման հարցը կարող է դրվել ազգային հանրաքվեի:
Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունը սպառնացել է Շվեյցարիան ներառել իր «սև ցուցակում», որում ընդգրկված են այն երկրները, որոնք սպառնալիք են ներկայացնում համաշխարհային ֆինանսական համակարգի համար: 2013 թվականի հունիսին այդ ցուցակում էին ընդգրկվել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Ինդոնեզիան, Եմենը, Պակիստանը, Սան Տոմեն և Պրինսիպին, Էկվադորը և մյուսները: