
Հրայր Թովմասյանը կառավարությանն է ներկայացրել նախարարության աշխատակազմի ղեկավարի դիմումը

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր այն տեղեկությունը, որ նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Նշենք, որ ՀՀ կառավարության կայքի համաձայն՝ հոկտեմբերի 17-ի կառավարության նիստի օրակակարգում ներկայացված է նաև «Ն. Խաչատրյանին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին» որոշման նախագիծը: Այն ներկայացվել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից:
«Հիմք ընդունելով Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-ին կետը և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Նունե Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման նախագծում:
Նշենք, որ վկայակոչված հոդվածներից առաջինը սահամանում է, որ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմի ղեկավարին և կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Նույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերից է անձնական դիմումը: