Արսենյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին մեքենայում միայն նարկոտիկ թողնելու համար
Բանդիտիզմի գործով ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի կողմից վարվող մեքենայի խուզարկություն և առգրավում կատարելու արձանագրությունը՝ իր աղաղակող ապօրինություններով, որպես պատմական փաստաթուղթ պետք է պատճենահանել ու դասագրքերում հրամցնել ուսանողներին: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակված ապացույցների հետազոտմանն այս մասին հայտարարեց Արտուշ Հակոբյանի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ փաստաբանի, փաստաթղթում առաջին անգամ է հիշատակվում իր պաշտպանյալի անունը, պարզ չէ, թե ինչի հիման վրա, ինչ կասկածանքով, երբ ու որտեղից է նա բերման ենթարկվել: Վերջինիս «Ագուլիս» ռեստորանի մոտից ձեռքերը ոլորելով տարել են, իսկ ոստիկանների կողմից Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության շենքի բակ տեղափոխված մեքենան խուզարկվել է միայն հաջորդ օրը: Շնորհակալություն, որ ոստիկանները մեքենայում միայն նարկոտիկ են թողել,- ասաց Հ.Արսենյանը, իսկ նրա պաշտպանյալը հավելեց, որ հայտնաբերված Ասպիրին-Ուպսայի տուփի վրա չեն հայտնաբերվել իր մատնահետքերը և ինքը թմրամիջոց չի օգտագործել, պարզ չէ, թե ինչպես է այդ տուփը հայտնվել իր մեքենայում:
Այսօրվա դատական նիստը ընդմիջվեց ամբաստանյալ Սամվել Դավթյանի վատ ինքնազգացողության պատճառով, դատարան հրավիրված շտապբուժօգնության բժիշկն արձանագրեց, որ ամբաստանյալն ունի արյան ճնշման խնդիրներ և խորհուրդ չտվեց, որպեսզի ամբաստանյալը մասնակցի դատական նիստին: Վաղը ապացույցների հետազոտումը կշարունակվի: