Իսրայելի կառավարությունը միջազգային հանրությանը կոչ է արել մասնակի համաձայնության չգալ Իրանի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի կառավարությունն այսօր հայտարարություն է տարածել, որում միջազգային հանրությանը կոչ է արել չհամաձայնվել Իրանի հետ մասնակի պայմանավորվածություններին և նրանից հասնել ինքնուրույն ուրան հարստացնելուց և պլուտոնիում արտադրելուց ամբողջովին հրաժարվելուն:

Իսրայելի կառավարությունը կոչ է արել չթուլացնել Իրանի վրա գործադրվող պատժամիջոցային ճնշումը, Իրանի հետ չգալ մասնակի համաձայնության, որը հնարավորություն չի տա ամբողջովին վերացնել նրա ռազմական միջուկային ծրագիրը:

Իսրայելի կառավարությունն ընդգծել է, որ դեմ չէ Իրանի կողմից քաղաքացիական ատոմային ծրագրից օգտվելուն և աջակցում է խնդրի դիվանագիտական կարգավորմանը, սակայն պայմանով, որ Իրանը զրկված լինի ինքնուրույն միջուկային նյութեր արտադրելու հնարավորությունից:

Իսրայելի կառավարությունը պարզաբանել է, որ շատ երկրների օրինակը՝ Կանադայից մինչև Ինդոնեզիա, ցույց է տալիս, որ խաղաղ ծրագրերը չեն պահանջում ուրանի հարստացում կամ պլուտոնիումի արտադրություն, որոնք Իրանին անհրաժեշտ են ռազմական նախագծի համար:

Իսրայելի կառավարությունն իր այս կոչն արել է այն ժամանակ, երբ Ժնևում այսօր հանդիպել են Իրանի ու «Վեցյակի» ներկայացուցիչները, որոնք Ժնևում բանակցելու են նաև վաղը:

Տեսանյութեր

Լրահոս