Դավիթ Հակոբյան. Ես էլ եմ ժամանակին նման նամակ գրել է Վլադիմիր Պուտինին, սակայն նա այդպես էլ չի արձագանքել դրան
Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանի կարծիքով՝ հրապարակախոս Զորի Բալայանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, «հրավառություն» է առաջացրել ներքին քաղաքական արենայում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Հակոբյանը հիշեցրեց, թե ինքը ժամանակին նման նամակ գրել է Վլադիմիր Պուտինին, սակայն վերջինս այդպես էլ չի արձագանքել դրան:
«Հաճախ մենք Հանրապետության նախագահին և նրա նազիր-վեզիրներին զգուշացնում ենք այս կամ այն քաղաքական քայլի անհրաժեշտության մասին, բայց արհամարանքի, անտարբերության ենք արժանանում: Հայրենական մեծ պատերազմի 66-րդ տարեդարձի կապակցությամբ ես հղել եմ Պուտինին նման նամակ: Հիմա նույն բովանդակությունը հնչում է արցախյան վիկինգ Զորի Բալայանի խոսքով: Նրա նամակը, իմ անալիտիկ տրամաբանության համաձայն, ձևավորվեց բուխարիկի մոտ նստած՝ Պուտինի և Ազատիչի առանձնազրույցից հետ, երբ սառը ցնցուղ մատուցելով՝ Ազատիչը հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները для нас абсолютный приоритет»,- նշեց Հայաստանի գլխավոր մարքսիստը:
Ըստ նրա՝ Զորի Բալայանի նամակի բովանդակությունը թեպետ դրական է և ինքը կողմ է ՌԴ-ԼՂՀ վերամիավորմանը, բայց ոչ ամբողջական առումով: Դավիթ Հակոբյանը նշեց, թե ինքնորոշում նշանակում է միավորվել որևէ պետության հետ կամ հայտարարել քեզ առանձին սուբյեկտ: «Թող Արցախի ժողովուդը ռեֆերենդումով որոշի՝ միանա՞լ ՌԴ-ին, թե՞ ՀՀ-ին՝ որպես մարզ: Ռուսաստանի հետ ֆեդերատիվ կազմ է մտնում գերբով, դրոշով, խորհրդարանով… Էս աշխարհագրական տարածքը փրկելու միակ եղանակն առայժմ սա է»,- հավելեց նա: