Բաժիններ՝

PicsArt. հայկական թիմի հաջողության գաղտնիքը

PicsArt-ը մեծ ճանաչում ունեցող հավելված-ֆոտոխմբագիր է, որի միջոցով կարող եք խմբագրել նկարները, տարբեր կոլաժներ ստանալ, սպիտակ թղթի վրա զրոյից նկարել, կամ նկարների վրա նկարել, և այլն: Հավելվածն ունի նաև տեսախցիկ, կարող եք լուսանկարել ինչ-որ բան և խմբագրել, կամ էլ ինքներդ ընտրել որևէ նկար: Այս հավելվածով խմբագրված ցանկացած նկար հետագայում կարող եք տարածել որևէ սոցիալական ցանցում:

Աշխարհում արդեն 80 մլն մարդ ներբեռնել է այս հավելվածը: Այն ունի նաև 8 մլն արվեստասերներից բաղկացած սոցիալական ցանց, որոնք միմյանց հետ քննարկումներ են ծավալում, կիսվում են նկարներով, և այլն: Այն աշխատում է ինչպես՝ Android, այնպես էլ՝ արդեն նաև iOS սարքերով:

PicsArt-ն ամերիկյան բրենդ է, այն նախագծվել է Սիլիկոնային հովտում գտնվող Open soft consult ընկերության կողմից, սակայն դրա ծրագրավորումն ու մարքետինգն ամբողջությամբ իրականացվում է հայերի կողմից: PicsArt-ի մասին գրել են հայտնի բլոգներն ու լրատվամիջոցները, այդ թվում` Mashable-ը, Techcrunch-ը, և այլն:

168.am-ը զրուցել է PicsArt-ի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանի հետ` փորձելով պարզել հայկական թիմի հաջողության գաղտնիքը:

Կարդացեք նաև

Ոչ բոլորին է հաջողվում Android Market-ում լինել առաջատարը: Ձեզ ինչպե՞ս է հաջողվել հասնել այդ ամենին, ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

– Հատուկ որևէ գաղտնիք չկա, պարզապես մենք շատ երկար ենք աշխատել:  Ընդունված խոսք կա. ամեն մի մասնագիտության մեջ պետք է 10 հազար ժամ այդ տեղում աշխատես, որ կարողանաս մյուսներից ավելի լավ հասկանալ, թե ինչ գործողություններ է պետք անել, որն էլ հենց օգնում է ու ավելի մեծ հաջողության է բերում: Հավանաբար, դա է ամենաշատը:

Ի՞նչ թիմ ունեք, քանի՞ հոգուց է այն բաղկացած, կպատմե՞ք Ձեր թիմի մասին:

– Մեր թիմը, իհարկե, հոյակապ թիմ է և բացառիկ լավ թիմ է. այստեղ ոչ թե ինչ-որ մեկի հաջողության, որոշման, ինչ-որ մեկի գյուտի արդյունքը  կամ հնարքն է, այլ սա ընդհանուր թիմի երկարատև տարիների աշխատանքի լավագույն մասն է՝ որպես արդյունք:

Երբ 5 տարի առաջ Դուք սկսեցիք Ձեր գործունեությունը հայաստանյան շուկայում, ի՞նչ  վիճակ էր, նմանատիպ աշխատանքներն արդյոք կարևորվո՞ւմ էին, կամ կայի՞ն նմանատիպ աշխատանքներ:

– Մենք երբեք Հայաստանի շուկայի վրա չենք աշխատել, չենք էլ փորձել աշխատել: Մեր մտքով անգամ չի անցել այդ մասին: Այսինքն`մենք պարզապես չենք տարբերակել հայկական շուկա կամ ոչ հայկական շուկա: Մենք չենք աշխատել երբևէ ինչ-որ մի շուկայի համար, ոչ Ամերիկայի, և ոչ էլ որևէ այլ: Մենք պարզապես աշխատել ենք և արել ենք մեր սիրած բաներն ու հաճույք ենք ստացել մեր գործից: Հենց դա է պատճառը…

Սա երկարատև՝ թե հաճույքի, թե չարչարանքի և թե  հազար ու մի երկար, գրեթե տարիներով չքնած գիշերների արդյունք է:

2009 թվականին դեռ նոր էիք սկսում Ձեր աշխատանքները, իսկ հիմա Ձեզ արդեն ճանաչում են, ի՞նչ է փոխվել այս ժամանակահատվածում:

– Այժմ ավելի շատ պատասխանատվությունն է բարձրացել թե՛ հավելվածի և թե՛ ընկերության նկատմամբ: Օրինակ` սկզբում թիմը 4-5 հոգուց էր բաղկացած, իսկ հիմա 50-ից ավելի է: Ուրիշ ոչինչ, նույն կերպ աշխատում ենք:

– 2011 թվականի նոյեմբերից, երբ PicsArt-ն Andrօid Market-ում էր, մոտ 2 ամսում առաջին տեղը գրավեց Photography բաժնում: Հետաքրքիր է՝ հավելվածն ավելի շատ ո՞ր երկրներից են ներբեռնում:

Ամենաշատը կարծես թե Ամերիկան է, Գերմանիան, Կորեան:

Իսկ Հայաստա՞նը:

– Հայաստանից չեմ կարող ասել, որ այդ երկրների չափ ներբեռնումների քանակ կա, սակայն, իհարկե, Հայաստանից էլ են ներբեռնում մեր հավելվածը: Այսպես ասեմ. հավանաբար յուրաքանչյուր երկիր ներբեռնում է իր մարդաքանակի ու չափերի համապատասխան (ժպտում է.- Լ.Մ.):

Հայաստանյան շուկան մեզ ավելի շատ հետաքրքրում է աշխատատեղերի առումով, քան ներբեռնումների: Իհարկե, կարևոր է, որ այստեղ մարդիկ իմանան մեր, մեր կայքի մասին, ու կարևոր է, որ այս գործիքն օգտագործեն, սակայն նախևառաջ մեզ համար կարևոր է, որ հայ երիտասարդները տեսնեն և հասկանան, որ իրենք էլ կարող են նման բան ստեղծել, և դա հնարավոր է Հայաստանում ստեղծել: Եվ երկրորդը՝ որ ցանկության և, որ ամենակարևորն է՝ հետաքրքրված լինելու դեպքում, տաղանդավոր երիտասարդները կարող են գալ, դիմել մեզ և ընդունվել աշխատանքի, քանի որ սա անընդմեջ զարգացող նախագիծ է, և դեռ շատ աշխատանք կա կատարելու:

Լուսանկարը` PicsArt Armenia-ի Facebook-ի էջից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս