Մարդիկ՝ Հայաստանի ու սփյուռքի, ձեզ եմ դիմում, ոտքի կանգնեք, ո՞ւր եք, Հայաստանը ձեր սեփականությունն է, պայքարեք այդ սեփականության համար. Վազգեն Սիսլյան

Ապրիլի 21-ից Տավուշի մարզի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ դեմ արտահայտվելով Ադրբեջանի հետ իշխանությունների սկսած սահմանազատման գործընթացին: Հայտարարում են, որ տեղի է ունենում հայկական հողերի հանձնման ապօրինի գործընթաց, և ճանապարհներ փակելով՝ տավուշեցիներն իշխանություններից պահանջում են դադարեցնել գործընթացը, չխաթարել իրենց անվտանգությունը։

Այս ամենին զուգահեռ՝ ոստիկանությունը՝ սև և կարմիր բերետավորների մասնակցությամբ, բիրտ ուժ  կիրառեցին խաղաղ բնակչության նկատմամբ, նրանց բերման  ենթարկելով՝ փորձեցին բացել ճանապարհները։ Չնայած բնակչության ընդվզումներին, իշխանությունն իր գործողությունները շարունակում է։

168.am-ի հետ զրույցում  «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանն ասաց՝ այն, ինչ տեղի է ունենում Տավուշում, հակապետական գործողություն է ՀՀ ղեկավարի կողմից։

«Այն, ինչ տեղի է ունենում Տավուշում, չի կարող հայրենիք սիրող մարդու համար նորմալ լինել։ Մենք արյուն ենք թափել այս հայրենիքի ամեն սանտիմետրի համար, իսկ այս մարդը՝ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունովը, եկել ու հանձնում է, նա կիլոմետրերով է հանձնում, ոչ թե մետրերով։ Կարճ ասեմ՝ Նիկոլ Փաշինյանն իրեն Աստծո տեղ է դրել, Հայաստանն իր սեփականությունը չէ, նա ժողովրդին պետք է ծառայի, ոչ թե ժողովրդին իրեն ծառայեցնի, նա չէ այս երկրի տերն ու տիրականը։

Կարդացեք նաև

Այս ամենի շղթան սկսվեց Արցախից՝ հսկայական Արցախ հանձնվեց, Նիկոլը շարունակեց պաշտոնավարել, հիմա մի քանի գյուղն ի՞նչ է, որ չհանձնի։ Թող ներեն ինձ, բայց ազգի մի մասը ոչխարի հոտի նման լուռ մնաց, հիմա էլ է լուռ։

Դուք հասկանո՞ւմ եք, մենք հասել ենք այն աստիճանի, որ Նիկոլի թույլտվությամբ Ադրբեջանն արդեն խոսում է  «Արևմտյան Ադրբեջանի» մասին»,- նշեց Վազգեն Սիսլյանը։

Ըստ նրա, Ադրբեջանում արդեն խոսում են Հայաստանի մնացած կտորների մասին, այս ամենից հետո ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը խոսում խաղաղության մասին ու ժողովրդին համոզում, թե խաղաղություն է լինելու։ Ադրբեջանում 10 հազար ուսանողով արդեն մարաթոն են անցկացնում «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ։ Նույն անունով Ադրբեջանում արդեն հեռուստաընկերություն է բացվել։

«Հիմա Տավուշում ոչ թե 100, այլ 100 հազար մարդ պետք է լիներ, դեմ արտահայտվեր այս գործընթացին, եթե մտածում են, որ հող տալով՝ խաղաղ են ապրելու, սխալվում են։ Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը թշնամուն բերում մոտեցնում է բնակիչների տներին, վաղը բնակիչները կդժգոհեն թշնամու սանձարձակություններից, ինչը, հավատացեք, լինելու է, ու բողոքի, թշնամին հանգիստ կարող է կրակել՝ չէ՞։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացնում է թշնամու՝ պատերազմ սկսելու և կրակելու գործողությունները։ Ադրբեջանը կա՛մ պետք է այդ բնակիչներին վռնդի, կա՛մ ասի՝ դարձեք Ադրբեջանի քաղաքացի»,- շեշտեց Վ. Սիսլյանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ Հայաստանը հայ ժողովրդի սեփականությունն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, հետևաբար՝ պետք է ոտքի կանգնել ու պաշտպանել այդ սեփականությունը։ Այնուհետև դիմելով համայն հայությանը՝ հավելեց.

«Մարդիկ՝ Հայաստանի ու սփյուռքի, ես ձեզ եմ դիմում, ոտքի կանգնեք, ո՞ւր եք, Հայաստանը ձեր սեփականությունն է, պայքարեք այդ սեփականության համար։ Պետք է պայքարել ու պետք է հավատալ հաղթանակին»։

Տեսանյութեր

Լրահոս