Հակոբ Մովսեսը վերածվել է ՔՊ-ի վստահված անձի. Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսօր անդրադառնալով ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսի գործունեությանը, նշեց, որ Հակոբ Մովսեսը, որն ԱԺ ամբիոնից եթերը մաքրելու, հանրային համերաշխության, քաղաքական չեզոքության և էլի բարձր արժեքներից էր խոսում, դարձյալ վերածվել է իշխող կուսակցության վստահված անձի և դարձյալ Հ1-ի եթերում, քաղաքական հաղորդման շրջանակներում հայտարարում է. «Եթե այսօր այս իշխանությունները տապալվեն, մեր երկիրը կվերածվի դժոխքի»։
«Անհերքելի՝ դուք ՀՌՀ-ում եք, որովհետև հավատարիմ եք օրվա իշխանությանը։ ՀՌՀ մեկ այլ անդամ, Հասմիկ Հակոբյանը ևս հանդուրժողականության ու զսպվածության հետ խնդիր ունի․ նա հայտնի է որպես մի խմբագիր, ով «Գրանիշ» կայքէջից հայտարարությամբ հեռացրել էր ոչ իշխանական հայացքներ ունեցող գրողների։
Ի դեպ, Պրն Հակոբյան, դուք կարծես թե օրինապահության հետ խնդիրներ ունեք․ որքան հիշում եմ, 1995-ին Հեռուստատեսության և ռադիոյի պետական վարչության պետի պաշտոնին հրաժեշտ տվեցիք, որովհետև Հանրապետական ընտրությունների վերջին՝ լռության օրը, ի շահ օրվա քաղաքական մեծամասնության/ՀՀՇ-ի/ խախտել էիք ընտրական օրենսգիրքը։
Հավանաբար նախկինները, իսկ ավելի կոնկրետ՝ հանրապետականը, 2016-ին ձեզ ընտրելով ՀՌՀ անդամ, հատկապես գնահատել է ձեր այս՝ մշտապես պրոիշխանական հավատարմությունը։ Այստեղ էլ մենակ չեք, այս դահլիճում այլ նախկիններ էլ կան։
Սիրելի հայրենակիցներ, Աժ իշխանական պատգամավորների քվեարկությամբ՝ «Պետական պաշտոններ ունեցող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ՀՌՀ նախագահի աշխատավարձի դրույքաչափի գործակից սահմանվեց 14-ը։ Այն հավասարեցվեց ԿԸՀ նախագահի վարձատրությանը՝ դառնալով 1 մլն 164 հազար դրամ՝ պատգամավորի աշխատավարձի կրկնակին, այն էլ խորհրդարանական երկրում։
Սա, իհարկե, ապսուրդ է, թեև ակնհայտորեն հասկանալի․ բռնատիրության բերածված այս իշխանությունների համար որքան որոշիչ և հենարանային են ԿԸՀ-ն, ՀՌՀ-ն, դատախազությունն ու Ոստիկանությունը։
Եվ, իհարկե, սա առատ վարձատրությունն է իշխանությանը մատուցած ձեր ծառայությունների և ոչ իշխանական TV-ներին եթերից զրկելու որոշումների դիմաց»,- հայտարարեց նա։