Բաժիններ՝

«Ցանկացած հիմնարկությունում, որը պետությունից է սնվում, եթե ստուգեն, անպայման չարաշահումներ կգտնեն»

«Ով մի քիչ իշխանությանն է ծառայում, արդեն լրիվ ազատ է զգում իրեն, ինչ ասես անում է, և վատը նա է, որ պարբերաբար իսկական ստուգումներ չեն արվում: Ցանկացած համակարգում կան վերստուգող հանձնաժողովներ, որոնք ինքնին ձևական բնույթ են կրում,- մեզ հետ զրույցում նշեց լրագրող-վերլուծաբան Համլետ Մոսինյանը՝ հավելելով,- Նույնը՝ մեր քաղաքապետարանի հարցում, եթե ժամանակին արվեին ստուգումներ, այդքան անճշտություն չէր կուտակվի, և հայ մարդիկ չէին գնա բանտ: Այս բոլորի համար բոլորն էլ պատասխան են տալու»:

Մարզում տեղի ունեցող ստուգումները հանգեցրել են մի շարք չարաշահումների բացահայտմանը, որի շուրջ Հ. Մոսինյանը նշում է. «Մարզպետարանն ինչի՞ համար էր: Այսքան տարի քանի՞ մարզպետներ փոխվեցին, նրանք չէի՞ն տեսնում, չէի՞ն լսում, թե քաղաքապետարանում ինչեր են կատարվում: Բա ինչի՞ համար էին փող ստանում: Տարածքային կառավարման նախարարությունն էլ, իր հերթին, ի՞նչ բանի էր, նույնկերպ Ֆինանսների նախարարությունը: Եվ այդպես շարունակ»:

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության  բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանի ձերբակալության մասին լուրը, որը, ի դեպ, տեղի է ունեցել Գյումրիի քաղաքապետարանում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կատարված համապատասխան ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների պատճառով, որին էլ հաջորդեցին «Գյումրեցի ընկերներ» շինկազմակերպության պատասխանատուների և աշխատակիցների՝ Ոստիկանություն հրավիրելը, ինչի շուրջ մինչ օրս պաշտոնական ոչ մի պարզաբանում չի տրվել:

«Բոլորն էլ գիտեին, բոլորն էլ պատասխանատու են, ինչո՞ւ միայն պրն Գրքիկյանի կամ որևէ մեկի անունն է հնչում, բոլորն են պատասխանատու: Իրենք բարձիթողի վիճակում են թողել, մարդիկ էլ օգտվել են, մարդու մեջ դա կա, երբ զգում ես, որ հսկողություն չկա, անկախ քեզնից՝ անում ես այն, ինչ չպետք է անես: Եթե Գյումրիի քաղաքապետը չփոխվեր, քաղաքապետարանի ողջ չարաշահումները չէին բացվելու: Նախկինները հույս են ունեցել, թե՝ ինչո՞ւ պիտի փոխվենք, լավ էլ ծառայում ենք իշխանությանը, սակայն, ցավոք, իրենց համար հակառակը ստացվեց: Մարդու մեջ դրված է ագահությունը, բայց երբ առհասարակ ստուգող չկա, այդ ագահությունը բացվում-ջրի երես է դուրս գալիս: Այս հարցում հսկողներն են մեղավոր, ոչ թե չարաշահողները, քանի որ բոլորը զբաղված են իրենց աթոռները և ունեցվածքը պաշտպանելով»,- նշեց Հ. Մոսինյանը: «Նկատե՞լ եք, ամեն շաբաթ ինչ-որ սենսացիա է լինում, ինչ-որ բան է պայթում, պատկերացրեք, որ այդ ամենը հօգուտ իշխանության է. ինչքան շատ քննարկվող հարց, այնքան շատ ժողովուրդը չի կարողանա զբաղվել ամենակարևոր հարցերով:

Կարդացեք նաև

Օրինակ, երբ օֆշորային սկանդալը եղավ, ժողովուրդը պահանջում էր վարչապետի հրաժարականը: Շատ արագ գտան ձևը. Երևանում տրանսպորտի գինը բարձրացրեցին, ժողովուրդը շեղվեց դեպի այդ հարցը, և հիմա ո՞ւմ հրաժարականն էր պահանջում՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի հրաժարականը»,- ասաց նա:

Ըստ Հ. Մոսինյանի, այս քայլը շատ խելացի ու խորամանկ քայլ էր իշխանության կողմից: Նույնն էլ կարելի է ասել  Սյունիքի դեպքերի մասին: «Ինչո՞ւ բաց թողեցին այդ ամենը, որպեսզի ժողովուրդը դրանով զբաղվի, այդ գծով պայքարի: Տրանսպորտի գնի բարձրացմանը զուգընթաց՝ մոռացվեց գազի գնի բարձրացումը, երբ ամենաահավոր թանկացումը հենց դա էր: Այս ամենն իրար կապակցված շղթա է: Ցանկացած հիմնարկությունում, որը պետությունից է սնվում, եթե ստուգեն, անպայման չարաշահումներ կգտնեն, այն էլ՝ մեծ չափերի: Նույն պատկերը կտեսնենք համայնքապետարաններում, ցանկացած համայնքապետարան եթե գնան, բյուջեի ծախսերը ստուգեն, նույն պատկերը կհայտնաբերեն:

Ուղղակի իրենց կամ հերթ չի հասնում, կամ էլ ըստ ցանցային ինչ- որ գրաֆիկի են շարժվում: Մենք տասնյակ գյուղեր ունենք, որոնք առաջին դասարանցի առհասարակ չունեն: Այս ամենը վերջին 10 տարվա հետևանքն է. ծնողը չի ցանկացել երեխա ունենալ՝ մտածելով, որ՝ եղածին հազիվ ենք պահում, ուր մնաց՝ էլի ունենանք: Տղաները մեծ մասամբ երկրից դուրս են, աղջիկներն էլ մնում են Հայաստանում: Հիմա, անկախ նրանից, թե որ կուսակցություններն են ընդդիմադիր, որոնք՝ իշխանական, ներկա իրավիճակի համար բոլորն են պատասխանատու»,- նշեց Հ. Մոսինյանը:

Գյումրի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս