
Զանգվածային ընտրախախտումները լրջորեն ազդում են ընտրությունների արդյունքների վրա. Ջամիլ Հասանլիի շտաբ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) միասնական թեկնածու Ջամիլ Հասանլիի ընտրական շտաբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված երկրում ընթացող նախագահական ընտրությունների հետ:
Դրանում Հասանլիի շտաբն ահազանգել է ընտրությունների ընթացքում զանգվածային խախտումների մասին: Փաստաթղթում նշված է, որ քվեարկության սկսվելուց անմիջապես անց ողջ երկրի մասշտաբով ընտրատեղամասերում կատարվում են խախտումներ, որոնք լրջորեն ազդում են ընտրությունների արդյունքների վրա:
Այդ մասին տեղեկատվություն ստացվում է ոչ միայն ընտրատեղամասերում գտնվող Հասանլիի ներկայացուցիչներին, այլև՝ ընտրողներից, դիտորդներից ու ԶԼՄ-ներից:
Հայտարարությունում ընդգծվում է, որ խախտումները ողջ երկրով մեկ կրում են համատարած բնույթ և կատարվում են հօգուտ Իլհամ Ալիևի: Այդ խախտումների նպատակն ընտրություններում Ջամիլ Հասանլիի հաղթանակի կանխումն է: