
Եգիպտոսում կիրակնօրյա բախումների հետևանքով զոհվել է 44 մարդ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Եգիպտոսում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցների միջև: Ցուցարարները քարեր են նետել ոստիկանության վրա, որն էլ կրակ է բացել նրանց վրա:
Բախումների հետևանքով զոհվել է առնվազն 44 և վիրավորվել է ավելի քան 100 մարդ: Այս մասին գործակալությանը հայտնել է Եգիպտոսի անվտանգության ծառայություններում եղած աղբյուրը: France-Presse լրատվական գործակալությունը հայտնել է 34 զոհի ու ավելի քան 200 վիրավորի մասին:
Զոհերի մեծ մասը բաժին է ընկել Կահիրեին: Իսկ ահա եգիպտական MENA լրատվական գործակալության տվյալներով էլ վիրավորվել է գրեթե 250 մարդ: Եգիպտոսում ուրբաթօրյա բախումների հետևանքով էլ զոհվել էր 4 և վիրավորվել 140 մարդ:
Մուրսիի կողմնակիցները հոկտեմբերի 4-ից անժամկետ ակցիա են հայտարարել ողջ Եգիպտոսում: