Սիրուն չէ: Ավելին, տգեղ է
Հայաստանի նախագահների հասցեին անհիմն և ստոր զրպարտություններ առաջին անգամ չէ, որ լսում ենք: Լևոն Տեր-Պետրոսյանի մասին անդաստիարակ ոմանք ասում էին «չար, մարդատյաց, մեծամիտ»: Քոչարյանի մասին` բրև դաժան է, առանց խղճի խայթի` պատրաստ է անգամ առյուծներին ու փղերին սպանել: Այս սուտը տարածողները ֆոտոշոփով համացանց նետեցին լուսանկարներ, ուր իբրև թե Ռոբերտ Քոչարյանը սպանված առյուծին է հեծնել: Սա քիչ համարելով` լուրեր տարածեցին, թե «Առագաստ» սրճարանում Քոչարյանին բարևելու համար սպանվեց Պողոս Պողոսյանը և իբրև թե մարտի 1-ը հիմնականում նրա հրահանգով է տեղի ունեցել: Մարդկային չարությունը, սակայն, գիտեք՝ անսահման է:
Հիվանդ երևակայությունը ստեղծեց, ապա և տարածեց հաջորդ հերյուրանքը արդեն նախագահ Սերժ Սարգսյանի մասին. իբրև թե վերջինս թուլություն ունի` խաղամոլ է: Ժամանակին, ԱԺ պատգամավոր դառնալու դիտավորությամբ, Վիկտոր Դալլաքյանը, ընտրողների ձայնը կորզելու նպատակով, այդ մասին հայտարարեց բակային հերթական հանդիպման ժամանակ: Կեղծ ինֆորմացիայի և սենսացիայի սիրահար գրչակներն էլ հեռավոր 2007-ին, «Ժամանակ» թերթում հորինովի մի հարցազրույց տպագրեցին մեր գործածար կանանցից մեկի` տիկին Ռոզա Ծառուկյանի հետ: Կա՞ մարդ, որը հավատաց այս հարցուպատասխանին.
– (լրագրող)-Տիկին Ծառուկյան, բայց իսկապե՞ս հարկերը լրիվ ցույց չեք տալիս:
– Մի քիչ պահում ենք, մի քիչ ցույց չենք տալիս, մի քիչ տալիս ենք: Բա ո՞նց…
– Դրա համար էլ ասում են, որ որ հարկերը թաքցնում եք, հետո ժողովրդին բարեգործություն եք անում դրանով:
– Շատ էլ լավ ենք անում, եթե էդքանը բաշարում ենք, ուրեմն ճիշտ ենք անում:
– Ինչո՞ւ չեք տալիս, որ պետությունը թոշակ տա, նպաստ տա:
-Տամ, որ գնան Մոնտե Կառլո՞… Չեմ տա… Ես տալիս եմ սոցիալապես անապահով խավին, տալիս եմ անվճար մանկապարտեզներին, տալիս եմ անվճար բուժօգնության…:
Ի՞նչ եք կարծում. Վիկտոր Դալլաքյանի մասին այժմ անցյալո՞վ ենք խոսում, հիշողություննե՞ր ենք պատմում նրա փառավոր անցյալից: Ո’չ: Նա ողջ է և առողջ: Եվ այժմ կյանքի իր օգտակար փորձն ու գիտելիքները առաջարկում է երկրի նախագահին:
ԵԽԽՎ-ում մեր պատգամավորները լավ է տրորեին Հայաստանի դրոշը, ֆալշ երգեին Հայաստանի հիմնը, սակայն երկրի նախագահին չտային այն հարցը, որը տվեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը: ՀՀԿ-ական պատգամավորները դիպուկ են նկատում, որ այն, ինչ արեց այդ տիկինը, վայել չէր իսկական հայուհուն: Նրա փոխարեն իրեն հարգող ցանկացած առաքինի հանրապետական կբարձրացներ գեոպոլիտիկ հարցեր, իսկ ՀԱԿ-ը ներկայացնող պատվիրակը ուղղակի կլռեր:
Գուցե հետին թվով քննարկման նյութ է` սպառե՞լ էր հայրենիքում պայքարի բոլոր ձևերը տիկին Փոստանջյանը, ինչո՞ւ նա այդ հարցը չբարձրացրեց տեղական որևէ ատյանում, այլ այդ վուլգար հարցը տվեց ԵԽԽՎ-ում: Սակայն սրանք զրույցներ են հետին թվով. կատարվեց այն, ինչ կատարվեց: Մինչ իր դավադիր հարցը տալը` այս պատգամավորուհին նախ երկրի նախագահի երեսին նետեց առաջին սուտը. «Հայտնի է, որ Դուք այստեղ հայտնվել եք ոչ թե հայ ժողովրդի կամքով, այլ կազմակերպված հանցագործության` փետրվարի 18-ին հայ ժողովրդի քվեի գողացման հետևանքով: Այդ իսկ պատճառով այստեղ դե յուրե չեք կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքն ու իրավունքը: Դրա համար էլ ես Ձեզ կտամ այլ հարց»:
Տեսախցիկները չֆիքսեցին եվրոպացի պաշտոնյաների համերաշխ ծիծաղը. նախագահի ընտրություններից հետո նրանք այստեղ բաց տեքստով ասացին` ընտրությունները անցել են եվրոպական չափանիշներին համապատասխան: Ապա տրվեց հարց, որը Հայաստանում բարձր ամբիոնից որևէ պատգամավոր չէր հնչեցրել: Նման հարց կկարմրեր տալ անգամ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը:
Կարճ ասած` տրվեց հարց, որը կտար միայն թուրքը: «Դուք վերջերս եղել եք Եվրոպայում, կազինոյում, քանի որ Դուք հանրությանը հայտնի եք` որպես խաղամոլ, և այնտեղ կորցրել եք 70 միլիոն եվրո: Ո՞վ է վճարել Ձեր տեղը այդ կորցրած գումարի համար և ինչի՞ դիմաց»:
Ի՞նչ պիտի սրան պատասխաներ նախագահը: «Ես երբեք չեմ եղել Եվրոպայի որևէ կազինոյում, տիկին Փոստանջյան: Ես առհասարա՛կ չեմ խաղում կազինոներում: Հավանաբար, ինքներդ էլ ենթադրում եք, որ սա լրջագույն մեղադրանք է երկրի նախագահի հանդեպ: Խնդրում եմ` նշեք Ձեր ինֆորմացիայի աղբյուրը, և կհանդիպենք դատարանում»: Սխալ ու ոչ պրոֆեսիոնալ թարգմանությունը խեղաթյուրեց Սերժ Սարգսյանի պատասխանը` նրան վերագրելով ոչ այնքան պատվաբեր մի տեքստ: Իբրև թե վերջինս ասել է, թե այդ հարցը տիկին Փոստանջյանի երևակայության արգասիքն է: Եվ որ ինքը պատրաստ կլիներ իր` ենթադրաբար ունեցած հարստությունից 35 միլիոն եվրոն տալ չարացած այդ տիկնոջը, որպեսզի վերջինս գոհանա կյանքից:
Ի դեպ, խաղատանը ոչ սեփական գումարներ տանուլ տալը լուրջ մեղադրանք է: Սակայն մենք որևէ հիմք չունենք չհավատալու մեր ամենասկզբունքային դաշնակցական Վահան Հովհաննիսյանին. նա երբևէ Սերժ Սարգսյանին խաղատանը չի հանդիպել: Այնպես որ, լրիվ հասկանալի էր պարոն Հովհաննիսյանի ազնիվ ցասումը և ոքան դիպուկ նրա բերած օրինակը. այսքան ժամանակ Իտալիայի ընդդիմադիր որևէ պատգամավոր իրեն թույլ կտա՞ր նման բարձր ամբիոնից հետաքրքրվել Սիլվիո Բեռլուսկոնիի անձնական նախասիրություններով:
Իսկ դրա անհրաժեշտությունը կա՞ր: «2013թ.: Օգոստսի 1: Իտալիայի Գերագույն դատարանը հաստատեց Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ ընդունված վճիռը Mediaset-ի գործով»: Նույն թվականի մարտին այժմ սենատոր Բեռլուսկոնին դատապարտվեց մեկ տարի ազատազրկման` 2005 թ-ին Unipol ընկերչության կողմից BNL բանկի ձեռքբերման տեղեկությունը տարածելու մեղադրանքով: Այդ նույն գործով` նրա եղբայրը դատապարտվեց 2 տարի 3 ամիս ազատազրկման: Հունիսին Բեռլուսկոնին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման` անչափահաս մարմնավաճառի հետ հարաբերությունների համար: Այսինքն`որևէ անհրաժեշտություն չկար եվրոպական ինչ-որ կառույցում բարձրացնել մի հարց, որը բոլորի քննության առարկան է, որով զբաղվում են իրավապահները:
Առհասարակ, նախագահի` խաղատներում հսկայական գումարներ վատնելու լուրը բացարձակ սուտ է: Անհնար է, որ որևէ երկրի նախագահ խաղատներ այցելի և հսկայական գումարներ տանուլ տա: Եթե այդպես լիներ, նրա տանուլ տված գումարները ստիպված կլինեին վճարել օլիգարխները կամ բարձրաստիճան չինովնիկները` պետական բյուջեից: Կամ, որ ավելի թանկ է նստում, սեփական գրպաններից: Դա կնշանակեր, որ տնտեսությունը կլիներ մոնոպոլացված, երկրում տեր ու տիրական կլինեին Սուրեն Խաչատրյանի նման սարսափելի կենսագրություն ունեցող մարդիկ, որոնց որդիները կարող էին մարդ սպանել ու ազատությունը վայելել: Իսկ դա այդպես չէ: Եվ այդ մասին գիտեք բոլորդ: