Ի տարբերություն Բաշար Ասադի՝ Իլհամ Ալիևն ունի ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ու նավթ. Bloomberg

Ամերիկյան Bloomberg գործակալության կայքում հրապարակվել է Ադրբեջանի վերաբերյալ մի հոդված՝ նվիրված այդ երկրում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ տիրող իրավիճակին:

Հոդվածում նշված է, որ Սիրիայի 500 մղոնից էլ պակաս դեպի հյուսիս-արևելք ընկած տարածքում իշխում է մուսուլմանական մեկ այլ աշխարհիկ դինաստիա, որը պայքարելու է իր իշխանության 5-րդ տասնմայակի համար:

Հոդվածում հիշեցվում է, որ Ադրբեջանի ներկայիս նախագահի հայր, ՊԱԿ-ի գեներալ Հեյդար Ալիևն Ադրբեջանական ԽՍՀ-ի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար է նշանակվել 1969 թվականին՝ մեկ տարի ավելի շուտ, քան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հայր Հաֆեզ Ասադն արյունալի հեղաշրջում իրականացրեց Սիրիայում և միակուսակցության վերահսկողությամբ իշխեց մինչև 2000 թվականը, երբ նրան փոխարինեց որդին՝ Բաշար Ասադը:

Ի տարբերություն մերձավորարևելյան տիրակալի (Բաշար Ասադ)՝ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևն ունի ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ և նավթի մշտական մատակարարում:

Հոդվածում հիշեցվում է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակ մեղադրվում են քաղաքացիական ազատությունների սահմանափակման և կոռումպացված լինելու մեջ: Եվ չնայած դրան՝ Իլհամ Ալիևը, ով երրորդ անգամ է պայքարելու նախագահի պաշտոնի համար, ԱՄՆ-ի համար չունի այլընտրանք, որն Ադրբեջանն անվանում է «ամուր դաշնակից»:

Որպես դրա պատճառներ են նշվում այն, որ Ադրբեջանի տարածքով է անցնում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի բոլոր ոչ ռազմական մատակարարումների մոտ 30 տոկոսը, և որ միայն Ադրբեջանի տարածքով կասպյան նավթը կարող է դուրս գալ համաշխարհային շուկաներ՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը:

Հոդվածում նշվում է, որ հենվելով նախկին Խորհրդային Միությունում նավթի երրորդ խոշոր պաշարների և BP-ի ու այլ գործընկերների 40 միլիարդ դոլարի ներդրումների վրա՝ Ալիևը շեշտը դնում է բողոքի ակցիաները հաղթահարելու վրա՝ խուսափելու համար մուսուլմանական մյուս բռնապետների, այդ թվում նաև Ասադի ճակատագրից, որի երկիրն արդեն 2.5 տարի է, ինչ քաղաքացիական պատերազմի մեջ է և հայտնվել է ամերիկյան ավիահարվածների վտանգի տակ:

2003 թվականին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևը հավաքել է քվեների 77 տոկոսը, իսկ 2008 թվականի ընտրություններում՝ 87 տոկոսը: Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 9-ին:

Տեսանյութեր

Լրահոս