
Պուտինը Բալի կղզում կհանդիպի Չինաստանի, Ճապոնիայի ու Ինդոնեզիայի նախագահների հետ. Ուշակով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-8-ին Ինդոնեզիայի Բալի կղզում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունենալու Չինաստանի, Ճապոնիայի ու Ինդոնեզիայի նախագահների հետ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Վերջինիս խոսքերով՝ միջազգային խոշոր ֆորումներում նման շփումները դառնում են ավանդական: Ուշակովը հայտարարել է, որ Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պլանավորել են քննարկել տարածաշրջանային և գլոբալ նշանակության այժմեական մի շարք հարցեր (Սիրիական ճգնաժամ, Իրանի միջուկային ծրագիր, Կորեական թերակղզու իրավիճակ), ինչպես նաև երկկողմանի համագործակցության հետագա զարգացման հարցը:
Հիշեցնենք, որ Ուշակովը երեկ հայտարարել էր, թե Պուտինը կարող է Բալիում հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Վերջինս, սակայն, չեղյալ է հայտարարել իր ասիական շրջագայությունը՝ կապված երկրի բյուջետային ճգնաժամի հետ: