Բաժիններ՝

Եթե 39 տարեկան և ավելի երիտասարդ ՀՀ քաղաքացի եք, ապա ձեզ սպասվում է այսպիսի ծերություն (լուսանկարներ, 63+)

Ֆինանսիստները սովորաբար համարվում են չոր, պրագմատիկ և ռոմանտիզմից զուրկ մարդիկ։ Նրանք հիմնվում են փաստերի և թվերի վրա և չեն տրվում երազանքներին։

Սակայն՝ ոչ Հայաստանի ֆինանսիստները։ Մանավանդ՝ ՀՀ Կենտրոնական բանկի մասնագետները: Համոզվելու համար կարող եք աչքի անցկացնել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված թերթոնները (բուկլետները)։

Դրանք վերաբերում են պարտադիր կենսաթոշակային համակարգին և հրապարակված են 5 տարբերակով։

  1. «Իմ կենսաթոշակը նոր կուտակային համակարգում»
  2. «Իմ կենսաթոշակային ֆոնդը»
  3. «Իմ կենսաթոշակային կուտակումները»
  4. «Իմ կենսաթոշակի ստացումը»
  5. «Իմ քայլերը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին միանալու համար»

Թերթոններում ներկայացված է բազմաստիճան կուտակային կենսաթոշակային համակարգը, կենսաթոշակային ֆոնդի տեսակները, կենսաթոշակային կուտակումները, ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրության և կենսաթոշակի ստացման եղանակները և այլ անհրաժեշտ տեղեկություններ:

Սակայն ամենաուշագրավը ոչ թե թերթոնի ներսում զետեղված տեղեկատվությունն է, այլ դրանց առաջին էջերում պատկերված լուսանկարները։

Ամենևին ոչ հայկական արտաքինով տարեց զույգի միջոցով թերթոնի հեղինակները փորձել են արտացոլել այն քաղաքացիների ծերությունը, ովքեր այսօր 39 տարեկան են կամ ավելի երիտասարդ և պետք է մասնակցեն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։

Պարզվում է, կենսաթոշակային նոր համակարգին մասնակցելով՝ մենք բոլորս օր ծերության վարելու ենք ակտիվ, սպորտային կենսակերպ։ Արշավների ենք գնալու, դահուկ ենք քշելու, վարելու ենք հեծանիվ, մոտոցիկլետ և որ ամենատպավորիչն է՝ անվաչմուշկներ՝ «ռոլիկներ»։

Այնպիսի տպավորություն է, որ կենսաթոշակային ֆոնդերը նաև մարզական պարապմունքներ են անցկացնելու, որպեսզի օր ծերության խայտառակ չլինենք և կարողանանք մոտոցիկլետ ու դահուկ քշել։ Չենք զարմանա, եթե նրանք զբաղվեն նաև ամուսնական միջնորդությամբ և ծանոթություններով, որովհետև նկարներում խոսքը զույգին է վերաբերում։ Ո՞վ կմտածեր, որ պարտադիր կենսաթոշակային համակարգը այսքան կողմնակի բարիքներ է ապահովում։

3-terton_1 3-terton_2 3-terton_3 3-terton_4

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս