Ոսկե ժամանակներ
Եկան տնտեսական թեմաներով գրող լրագրողների ոսկե ժամանակները: ՀՀ կառավարությունը եկող տարվա բյուջեի նախագիծ է գրել: Գրել ու ներկայացրել է խորհրդարանական քննարկման: Լրատվամիջոցների խմբագիրներն էլ տնտեսական թեմաներով գրող լրագրողներից միայն բյուջեի մասին նյութեր են պահանջում: Մենք՝ լրագրողներս, այս պարագային մի քանի տարբերակ ունենք: Երիտասարդները, ավելի անկեղծ ասած` պակաս փորձ ունեցող լրագրողներն այս ու այն քաղաքական գործչից ու տնտեսագետից հարցազրույցներ են վերցնում ու հրապարակում:
Մի փոքր ավելի փորձ ունեցող, ամոթ ու աբուռ կորցրած լրագրողները սեփական արխիվներն են քրքրում: Քրքրում ու գտնում են նախորդ տարիների բյուջեների մասին գրած նյութերը: Հետո փոխում են տարեթիվն ու նոր նյութի տեղ ներկայացնում գլխավոր խմբագրին: Մեր վարչապետն առաջին բյուջեն չէ, որ կազմում է: Ես, իհարկե, չեմ հանդգնի պնդել, որ բյուջեն կազմող նախարարությունների աշխատակիցները լրագրողների հայտնագործած հնարքն են կիրառում:
Այսինքն՝ վերցնում են նախորդ տարվա բյուջեն ու փոխում տարեթիվը: Այնուհետև բուռն մասնագիտական «քննարկումներ» բեմադրում ու ներկայացնում կառավարության հաստատմանը:
Բայց փոխարենը` կարող եմ պնդել, որ վերջին գոնե 8-10 տարիների բյուջեները կարելի է հրապարակել ու մրցույթ հայտարարել` «Գտիր հինգ ոչ թվաբանական տարբերություն» վերնագրով: Կարելի է մեծ մրցանակ խոստանալ, միևնույն է, ոչ ոք չի հանդգնի պնդել, թե գոնե երեք տարբերություն է գտել: Բոլոր համամասնությունները հայտնի են: Սոցիալական կյանքի ցանկացած ոլորտին, կառավարման ցանկացած մարմնին հատկացվելիք շաբլոնը մշակված է: Հենց սկզբից պարզ է, թե քանի տոկոս պիտի հատկացվի, ասենք, առողջապահության ոլորտին կամ նախագահի աշխատակազմին: Կարևորը բյուջեի երեք հիմնական թվերի՝ եկամուտների, ծախսերի ու դեֆիցիտի որոշումն է: Մնացածը շաբլոնով հաշվելու տեխնիկական խնդիր է:
Բավական անհետաքրքիր խնդիր, որ ո՛չ հասարակությանն է հետաքրքրում, ո՛չ լրագրողներին, ոչ էլ, առավել ևս, խորհրդարանականներին: Բյուջեի հարցն իրականում հետաքրքրում է գործադիր իշխանության առաջին դեմքերին: Այսինքն` ազդեցիկ նախարարներին: Որովհետև նրանք են տնօրինելու պետական փող-ծախսերը: Նրանք էլ որքան կարողացել` ընդհանուր տորթի իրենց մասնաբաժինն արդեն ճշգրտել են: Դեռ կառավարությունում նախագիծը քննարկելու պահին: Խորհրդարանական քննարկումներն օրենքի պահանջած անհրապույր մանրամասն են, որոնք երբեք նախագծում էական փոփոխության չեն հանգեցնում: Բայց գլխավոր խմբագիրներն անհողդողդ են:
Նրանց նույնիսկ այն փաստը չի հետաքրքրում, որ ԱՄՆ-ի նման երկիրը, մի քանի օր է, մնացել է առանց բյուջե: Եվ, որ դա կարող է սարսափելի ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա: Լրատվամիջոցների ղեկավարները, հավանաբար, հաստատ գիտեն, որ մեր տնտեսությունը ոչ մի կապ չունի այդ՝ համաշխարհային կոչվող տնտեսության հետ: Հետևաբար` ոչ մի ազդեցության չի ենթարկվի:
Ուստի լրագրողներից պահանջում են նյութ գրել ոչ թե ինչ-որ Ամերիկայի, այլ հարազատ երկրի պետբյուջեի մասին: Այ այստեղ է, որ փորձված լրագրողներն օգտագործում են իրենց հիմնական հնարքը: Նրանք բացում են բյուջեի նախագծին կից ՀՀ կառավարության ուղերձն ու հատվածաբար արտագրում այն: «Գիտելիքահեն տնտեսության առաջնահերթությունների կատարելագործում», «գործարար միջավայրի բարելավում», «բարձր մրցակցությամբ տնտեսության ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծում» արտահայտություններով գրված տեքստ ցանկացած մարդու սիրտ կհուզի, ուր մնաց գլխավոր խմբագիրներինը: Լրագրողական 20 (ու ավելի) տարիների փորձով կարող եմ ավելի երիտասարդներին հուշել, որ ոչ մի գլխավոր խմբագիր չի դիմանա կառավարության բյուջեին կից բերված մեջբերումը հրապարակելու գայթակղությանը:
Օրինակ, Ձեզ գլխավոր խմբագրի տեղ դրեք ու կարդացեք «Ուղերձ 2014-ից» արված այս մեջբերումը. «ՀՀ կառավարությունը 2014թ. հետևողականորեն շարունակելու է մեկնարկած բարեփոխումները՝ գործարար միջավայրի բարելավման, իրական հատվածին աջակցության, գիտելիքահեն տնտեսության ենթակառուցվածքների զարգացման և, ընդհանուր առմամբ, տնտեսության դիվերսիֆիկացման մեծացման ու արտահանելի հատվածի ընդլայնման ուղղությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել երկրի մրցունակությունը:
Այս համատեքստում ՀՀ կառավարությունը տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումը դնելու է զարգացած արդյունաբերությամբ տնտեսության կառուցվածքի ձևավորման, գործարար ու ներդրումային միջավայրի շարունակական բարելավման, առևտրի կարգավորման արդյունավետ գործիքների օգտագործմամբ արտաքին շուկաների հասանելիության ու մատչելիության բարձրացման, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորների հետ համագործակցության ընդլայնման, տնտեսության առանձին ճյուղերում գիտելիքային արդյունքի և նորամուծությունների կիրառությունների ընդլայնման ուղղությամբ հասցեական գործողությունների վրա»: Դե փորձեք կրճատել կամ խմբագրել այն: Իսկ գիտե՞ք՝ քանի էջ է ուղերձը: 57: Ու մեկը մեկից սրսուռ: Հոդված գրելու համար մինչև 2015-ի բյուջեի նախագիծը կբավարարի:
«168 ԺԱՄ»