
Հայկական ջազի 75-ամյակը մեծ շուքով նշվելու է Գյումրիում

Դեռևս 2012 թվականից «Manukyan production»-ը և Գյումրիի «Ջազ ակումբը» ազդարարեցին «Ջազը և Գյումրին» նախագծի մեկնարկը, որն այս տարվա նոյեմբերին նշելու է իր 1-ամյակը: Իր 75-ամյակն է նշելու նաև հայկական ջազը, որն իրապես իրադարձություն է թե ողջ Հայաստանի, թե մասնավորապես Գյումրիի համար: Նոյեմբերի 8-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեծ շուքով նշվելու են հայկական ջազի 75-ամյակը և «Ջազը և Գյումրին» նախագծի մեկամյակը: Համերիգին իրենց մասնակցությունն են ցուցաբերելու «Ջազը և Գյումրին» նախագծի շրջանակներում Գյումրիում ելույթ ունեցած բոլոր երաժիշտները` Լևոն Մալխասյանը (Մալխաս), Արմեն Թութունջյանը, էթնո – ջազ ոճում հանդես եկող Միքայել Ոսկանյանը, Վահագն Հայրապետյանը, Երվանդ Մարգարյանը և այլք: Նոյեմբերի 8-ին կայանալիք համերգին մասնակցելու է նաև Հայաստանի պետական ջազային նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, որը հիմնադրվել է դեռևս 1938 թվականին: Հայկական ջազի 75-ամյակին նվիրված համերգը, և իր մասշտաբով, և աստղային կազմով իսկական իրադարձություն է Գյումրիի համար: Հատկանշական է նաև այն փաստը, որ հետագայում Գյումրիում պլանավորվում է բացել հատուկ Ջազ պուրակ, ինչպես նաև հայ ջազի մեծերին նվիրված աստղային արահետ: «Ջազը և Գյումրին» նախագիծն ունենալու է շարունակական բնույթ և տարեցտարի իր հարկի տակ ընդունելու է ջազ աստղերի ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:
Գյումրի