Կարինե Աճեմյան. Զարուհին արդեն կրկնվում է

Այսօր ԵԽ ԽՎ լիագումար նիստում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարցրել էր. «Հայտնի է, որ Դուք այստեղ հայտնվել եք ոչ թե հայ ժողովրդի կամքի, այլ կազմակերպված հանցագործության հետևանքով: Այդ իսկ պատճառով` Դուք այստեղ դե յուրե չեք կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքը և իրավունքը: Դուք վերջերս եղել եք Եվրոպայում` կազինոյում, և այստեղ կորցրել եք 70 մլն եվրո, ո՞վ է վճարել Ձեր տեղը` այդ կորցրած գումարի համար: Եթե այդքան չի կազմել, ապա որքա՞ն է կազմել խաղատանը Ձեր կորցրած գումարը»

168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը Զարուհի Փոստանջյանի հարցը որակեց որպես «սևացնող», ապա նշեց. «Առաջին անգամ չէ, որ Զարուհի Փոստանջյանը էքսցենտրիկ հայտարարություններ է անում: Բացարձակապես թույլատրելի չէ սևացնել, կամ ինչ-որ ձևով ազդել երկրի հեղինակության վրա: Այս դեպքում պետք է ասեմ, որ արտառոց է դեպքը, չնայած Զարուհին արդեն կրկնվում է: Չի կարելի նման կերպ խոսել, քանի որ խոսքը մեր նախագահին է վերաբերում: Չի կարելի նախագահի հեղինակության հետ խաղալ կամ ինչ-որ հարցեր բարձրացնել մի ամբիոնում, որտեղ մենք այժմ համագործակցության խնդիր ունենք. մեր հարաբերությունները ջերմացնելու խնդիր կա: Այդ առումով համարում եմ, որ բոլորովին տեղին չէ նրա ասածը»:

Տեսանյութեր

Լրահոս