
Համաներումը տարածվելու է նաև Վազգեն Խաչիկյանի գործի վրա

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից 168.am-ը հետաքրքվեց` հնարավո՞ր է, որ նախագահ Սերժ Սարգսյանի համաներումը կիրառվի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի վրա: Ի պատասխան Հրայր Թովմասյանը նախ շեշտեց, որ եթե չկա դատավճիռ` համաներումը տվյալ անձի վրա ազդել չի կարող, ապա ավելացրեց. «Համաներումն ազդել, նշանակում է երեք բան. առաջին` անմիջապես ազատում, երկրորդը` եթե իքս պատիժ է սահմանված, դրա մի մասը նա կրել է` ազատում, և երրորդ ` պատժի չկրած մասի կրճատում: Պետք է նայել այն հոդվածները, որոնցով արգելված է նրանց նկատմամբ համաներում տարածելը: Վազգեն Խաչիկյանին այս պահին մեղսագրվող հոդվածները սահմանափակումների տակ չեն ընկնում: Իսկ թե ո՞րը կտարածվի, ես չեմ կարող այս պահին ասել»:
Զրույցին միջամտեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա փոխանցմամբ` համաներումը ազդելու է Վազգեն Խաչիկյանի վրա. «Կրճատվելու է մեկ-երրորդ մասով»: Մեր հարցին, թե նույնը վերաբերում է նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհանես Թամամյանի՞ն, արդարադատության նախարարը դրական պատասխան տվեց: