2013թ. Թուրքիայում ամեն 1000 մարդուց միայն մեկն է հայ, հույն կամ հրեա, իսկ 1913թ.՝ ամեն 5-ից մեկն էր ոչ մուսուլման
T24 լրատվական կայքի սյունակագիր, բլոգեր Բարան Ալփ Ունջուն իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների խնդիրներին: Պաշտոնական տվյալներով՝ ներկա դրությամբ Թուրքիայում բնակվում է 50.000 հայ, 2000 հույն և 28.000 հրեա: Այս ամենը նրա հետևանքն է, որ դարերով այս տարածքներում «վտանգավոր» են որակվել ու ոչնչացվել են ոչ մուսուլմանները:
1913 թվականին ներկայիս Թուրքիայի սահմաններում բնակվող յուրաքանչյուր 5 մարդուց 1-ը ոչ մուսուլման էր: Սակայն նախևառաջ 1915 թվականի Մեծ եղեռնը, ապա նաև Հանրապետության առաջին տարիներին իրականացված բնակչության փոխանակումը հանգեցրին նրան, որ 1923 թվականին յուրաքանչյուր 40 մարդուց միայն մեկն էր ոչ մուսուլման:
Հետագայում այդ ցուցանիշն ավելի աճեց, ինչին նպաստեցին 1934 թվականի Թրակիայի դեպքերը, Ունեցվածքի հարկը, 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի ջարդերը, «Հայրենակի՛ց, թուրքերեն խոսի՛ր» կամպանիաները: Կիպրոսի հարցի հետ կապված՝ 1964 թվականից ակտիվացավ փոքրամասնություններին ահաբեկելու քաղաքականությունը:
Այս ամենը հանգեցրեց նրան, որ ներկայումս 80 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայում ոչ մուսուլմանների քանակը կազմում է 80.000 մարդ: Տոկոսային հարաբերությամբ դա կազմում է 0.001 տոկոս: Ստացվում է, որ յուրաքանչյուր 1000 մարդուց միայն մեկն է հայ, հույն կամ հրեա:
2012-2013 ուսումնական տարում հայկական դպրոցներում սովորող երեխաների քանակը կազմել է 3137 մարդ, հունական դպրոցներում՝ 230 մարդ, իսկ հրեական դպրոցներում՝ 688 մարդ: Դպրոցներում և ուսումնական մյուս հաստատություններում սովորողների քանակի անկման ամենամեծ պատճառներից մեկը վերոնշյալ դեպքերն են: Այսօր երկրում առկա հայկական, հունական ու հրեական դպրոցների ընդհանուր քանակը կազմում է միայն 23 դպրոց:
Բացի այդ, 1923 թվականից հետո Լոզանի պայմանագրով փոքրամասնություն ճանաչված ազգության քաղաքացիների ինքնության վկայականներում նշվել է գաղտնի ծածկագիր. հայերի համար սահմանվել է «2»-ը, հույների համար` «1»-ը և հրեաների համար` «3»-ը:
Թուրքիայի ՆԳՆ-ը հաստատել է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին տրվել են ծածկագրեր՝ կախված նրանից, թե որ համայնքին են պատկանում նրանք, և որ այդ տեղեկատվությունը հղվում է Կրթության նախարարություն: