Մանվել Գրիգորյան. Դու քո պապայից կհրաժարվե՞ս… Երկրապահն իմ պապան է, իմ ծնողն ա

168.am-ը այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանից հետարքրքվեց` ի՞նչ եք կարծում` ձերբակալված ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն ազատ կարձակվի՞: Ի պատասխան նա նշեց. «Մեղավոր չլինի` պիտի ազատվի: Ես ընդհանրապես չեմ ուզում, որ որևէ հայ մարդ, ազատամարտիկ նման բաների մեջ մեղադրվի»:

Իսկ հարցին, թե սատարելո՞ւ եք բողոքող ազատամարտիկներին, նա պատասխանեց. «Որ դու մինչև հիմա իմ գործիս անունը չգիտես` ինչ է, շատ վատ է»:

Անդրադառնալով արդեն գլխավոր դատախազ ընտրված Գևորգ Կոստանյանին, նա նշեց. «Երիտասարդ ա, լավ կլինի, բա ի՞նչ պետք ա անի»: Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, թե նա բանակի հետ կապված մի շարք գործեր է թաքցրել, գեներալն ասաց. «Բանակը դժգոհ չէ»: Մեկ այլ դիտարկմանն էլ, թե հասարակությունն է դժգոհ, նա այսպես արձագանքեց. «Հասարակությունը դժգոհ պիտի լինի, բա գործի անունն ի՞նչ ա: Դժգոհեն, որ լավ լինի: Լավ ցանկանալու համար միշտ դժգոհություն պետք ա լինի»:

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն առողջական խնդիրներից ելնելով հրաժարվելու է իր պաշտոնից, նա այսպես արձագանքեց. «Դու քո պապայից կհրաժարվե՞ս… Երկրապահն իմ պապան է, իմ ծնողն ա: Հասկանո՞ւմ ես»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս