Հրայր Թովմասյանը ներկայացրեց համաներման նախագիծը

ԱԺ-ում այս պահին քննարկվում է ՀՀ նախագահի կողմից առաջարկված համաներման մասին նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր ելույթում նշեց, թե համաներումը կիրառվում է ազգային, պետական տոների կապակցությամբ. «Այս դեպքն էլ բացառություն չէ: Համաներման ակտերի ժամանակացույցը նայելով` դժվար չէ նկատել, որ այն կապված է պետության համար կարևորագույն տոների հետ: Այս քայլին գնալու համար էական մեծ նշանակություն են ունեցել նախորդ համաներման արդյունքները: Գլխավոր նպատակը մարդասիրությունն է, և պետք է խնդրեմ` այլ բան չփնտրեք: Մարդասիրությունը միշտ եղել է մեզանում. դեռ Մխիթար Գոշի դատաստանագրքում այս մասին արտացոլված է»:

Հրայր Թովմասյանը հայտնեց, որ հայտարարված նախորդ համաներումների ժամանակ ազատ է արձակվել  1056 մարդ, որոնցից հետո քրեական պատասխանատվության է ենթարկվել 51-ը: «Մարդիկ հասկացել են այն մարդասիրական ակտը, որ երկրի բարձրագույն իշխանությունը իրականացրել են իրենց նկատմամբ: Ցանկալի կլիներ, որ այս 51-ն էլ, որոնք նորից քրեական պատասխանատվության են ենթարկվում` չլինեին, բայց ընդհանուր առմամբ` ակտը ծառայել է իր նպատակին»:

Ըստ Հ. Թովմասյանի` այս համաներումը տարբերվում է նախորդներից ավելի մարդասիրական մոտեցմամբ. «Նախորդ համաներման ժամանակ այն հոդվածները, որոնք արգելք էին սահմանում, հիմա նվազել են: Ընդլայնվել է այն հոդվածների ցանկը, որոնց վրա համաներումը տարածվում է»:

Նա ընդգծեց նաև, որ համաներման ակտը կախված չէ միայն ազատ արձակելու հետ: Նրա խոսքով՝  կարող է կրճատվել պատժաժամկետը կամ փոխարինվել պատժի մեկ այլ տարբերակով: Արդարադատության նախարարը նշեց, որ կան նաև այլ հիմքեր, որոնց առկայության պարագայում համաներումը չի տարածվի ազատազրկվածների վրա. խոսքը պատիժը կրելու կիրառման ժամանակահատվածը չարամտորեն խախտողների մասին է, ինչպես նաև նրանց, ովքեր մեկ անգամ ներվել են.

«Համաներումը չի վերաբերվի նրանց նկատմամբ, ում պատժի չափը վերջին 10 տարվա մեջ կրճատվել է, գեթ մեկ անգամ ներել են: Երկրորդ անգամ ակնկալել, որ մարդասիորթւյունը կարող է դրսևորվել՝ այդպես չէ: Շետշեմ, որ խոսքը դիտավորյալ հանցագործությունների մասին է, ինչը նշանակում է, որ նա կրկին հանցագործություն է կատարել: Համաներումը չի կիրառվի նաև նրանց նկատմամբ, երբ դատավճիռ չկա, բայց հարուցված  է քրեական հետապնդում»:

Նա շեշտեց, որ համաներումը հանրապետության նախագահի բացառիկ կամքն է, ապա նշեց, թե քան դեռ չկա ԱԺ որոշում, նշականում է՝ համաներում չի լինելու: Նա նաև կոչ արեց. «Սպասումների ալիքը մի բարձրացրեք մարդկանց մոտ: Ավելի լավ է իմանան չի լինելու համաներում, բայց մի օր լինի, քան ինանան, որ լինելու է, բայց չլինի: Գաղտնիության համատեսքտում խնդրում եմ դիտարկել նաև իմ հայտարությունները, թե համաներում չի լիենու»:

Նա նշեց, որ այս պահին ստույգ թվեր, թե քանի հոգու կվերաբերի համաներումը, հրապարակել չի կարող՝ պատճառաբանելով, թե փաստաթուղթը հասու չի եղել այն մարդկանց, ովքեր իրականացնում էին հաշվարկները, բայց նշեց, նախնական վերլուծությունների արդյունքում` մոտ 400-500 մարդ անմիջապես ազատ կարձակվի:

 

Տեսանյութեր

Լրահոս