Հերթական սոցիալականը
Արդեն ավանդույթ է դարձել, որ յուրաքանչյուր տարվա բյուջեին որևէ ածական է կպցվում։ Օրինակ` նախորդ տարվա բյուջեն կոչվում էր սոցիալական` իշխանության վարկածով, և գոյատևման կամ տեղում դոփելու` ընդդիմության վարկածով։
2014թ. բյուջեն, որն օրերս հաստատվեց կառավարության արտահերթ նիստում, նույնպես կարող էր կոչվել սոցիալական, եթե նախորդ տարի նույն կերպ անվանած չլինեին։ Մինչդեռ հաջորդ տարվա բյուջեն բոլոր իրավունքներն ունի սոցիալական կոչվելու, քանի որ ամենից շատ ավելացել են սոցիալական պաշտպանությանն ուղղվող ծախսերը: Այսպես` բյուջեի ծախսային մասը աճել է 7.4 տոկոսով` այս տարվա 1.152 տրիլիոն դրամից հասնելով 1.237 տրիլիոնի։ Մինչդեռ սոցիալական պաշտպանությանն ուղղվող ծախսերն աճել են 18.8%-ով` 304.6 միլիարդից հասնելով 362 միլիարդի։ Այսինքն` կառավարությունը շեշտը դրել է սոցիալական լարվածությունը թուլացնելու վրա։
Պատահական չէ, որ բյուջեի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունների գլխագրերում հայտնվել էր հետևյալ ձևակերպումը` կենսաթոշակը կավելանա 15 տոկոսով, պետական հատվածի աշխատավարձը` մոտ 40 տոկոսով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես կառավարության արտահերթ նիստում հատուկ շեշտեց թոշակների և պետական հատվածի աշխատավարձերի բարձրացումը։
Թոշակների և պետական աշխատողների վարձատրությունը սոցիալական բնույթի միակ փոփոխությունը չէր: Կառավարությունը ցանկանում է առողջապահական ապահովագրական համակարգը զարգացնել և դրանում ընդգրկել նաև մասնավոր հատվածի աշխատողներին և չաշխատողների համար այս ծառայությունները հասանելի դարձնել: Կառավարության հաստատած փաստաթուղթը բազմազավակ ընտանիք ունեցող կանանց հնարավորություն է տալու ձեռք բերել առողջապահական ապահովագրական պոլիսներ, որպեսզի նրանք նույնպես ապահովագրված լինեն թանկարժեք վիրահատությունների պարագայում:
Եվ վերջապես, երեք և ավելի երեխա ունեցողներին տրամադրվող կանխիկ գումարն ավելանալու է` 2014թ. հունվարի մեկից դառնալով 500.00 դրամ: Շուրջ 1 մլն դրամով էլ նրանք հնարավորություն են ունենալու օգտվել առողջապահական ապահովագրական համակարգից, հիպոթեքային համակարգից, բարելավելով իրենց բնակարանային պայմանները կամ ուսման հատուցումը: Կարճ ասած` կառավարությունը սիրաշահում է սոցիալապես անապահով խավին և պետական աշխատողներին։ Սակայն արդեն իսկ քննադատություններ են հնչում կառավարության` սոցիալական բնույթի նախաձեռնությունների կապակցությամբ:
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն, օրինակ, նշել էր, որ աշխատավարձը չի կարելի միանգամից բարձրացնել 40%-ով, քանի որ դա կունենա ինֆլյացիոն ազդեցություն: Բագրատյանն առաջարկում է դա անել քայլ առ քայլ` 1 տարվա ընթացքում 4 անգամ 10%-ով բարձրացնելով աշխատավարձը։
Տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը կարծիք է հայտնել, որ կենսաթոշակների 15 % և պետական հատվածի աշխատավարձի մոտ 40 % ավելացումը մաթեմատիկական իմաստով դրական է, իսկ տնտեսական իմաստով դա խնդիր չի լուծում, որովհետև ամեն ինչ շատ ցածր է, առավել ևս` կենսաթոշակները: Նա նշել էր, որ իր հաշվարկներով` անապահով խավի համար իրական գնաճը 15-20%-ից բարձր է:
Նույն կարծիքին է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով գտնում է, որ կենսաթոշակների 15% աճը շատ չի: «Գնաճը երկնիշ է, սպառողական զամբյուղն էլ պաշտոնապես չի ասվել, բայց կարծում եմ` այս գնաճի պայմաններում հասել է 70 հազարի: Նշանակում է` 15%-ը բավարար չի: Աղքատությունը 2.5-3 տարի առաջ 35% էր, այսօր ոչ մեկը չի կարող ասել, թե ինչքան է այն: Այդ ցուցանիշներից ելնելով` պետք է գնահատենք` կենսաթոշակների 15% և աշխատավարձերի 40 % աճերն ինչ են իրենցից ներկայացնում»,- ասել է նա: Չնայած այս քննադատություններին՝ կառավարությանը կարծես հաջողվել է հասնել նպատակին. թոշակառուների և պետական աշխատողների շրջանում որոշակի ոգևորություն է առաջացել։
Թվում է` իշխանությունները վերջապես հասկացել են, որ վիճակն արդեն անելանելի է դառնում։ Նրանց սկսել է անհանգստացնել գործազրկության, աղքատության ու արտագաղթի աճող ծավալները, և որոշել են ինչ-որ կերպ այդ ամենի դեմն առնել։
Սակայն դա միայն թվում է, որովհետև ՀՀ բյուջեն կազմողների կարծիքով՝ Հայաստանում ամեն ինչ այդքան էլ վատ չէ, գործազրկությունն էլ գնալով նվազում է։ Սակայն ոչ թե արտագաղթի հաշվին (ինչպես շատերս չարամտորեն կարծում էինք), այլ «տնտեսական աճի բարձր ցուցանիշը նպաստել է աշխատուժի էական կլանմանը, արդյունքում` գործազրկությունը կազմել է 17.3 տոկոս» (սա հատված է 2014թ. բյուջետային ուղերձից): Այսինքն` տնտեսությունն աճել է, ստեղծվել են նոր աշխատատեղեր, իսկ գործազուրկները ոչ թե արտագաղթել են, այլ աշխատանք են գտել Հայաստանում:
Նշենք, որ բյուջեում և դրա ուղերձում կան մեծ թվով անհասկանալի հատվածներ։ Օրինակ՝ կառավարության նույն նիստում վարչապետը խոսում է մասնավոր ներդրումների նվազման մասին և նշում, որ եթե հարկեր-ՀՆԱ ցուցանիշն ամեն տարի ավելացվում էր 0.3-0.4 տոկոսային դրույքով, ապա 2014 թվականին հարկեր-ՀՆԱ ցուցանիշը չի ավելացվի, որպեսզի բիզնեսի վրա ավելորդ ճնշում չլինի, և բիզնես միջավայրը բարելավվի: Սակայն բյուջետային ուղերձում նշվում է, որ 2013 թվականին հարկեր և պետական տուրքեր/ՀՆԱ հարաբերակցությունը ծրագրված է 21.89%, իսկ 2014 թվականին կանխատեսվում է 23.12%։
Այսինքն՝ ցուցանիշն ավելանում է 1.23 տոկոսային կետով։ Այս ամենի հետ բավական անկեղծ խոստովանություն կա, որ հաշվի առնելով 2013 թվականի զարգացումները՝ ակնկալվում է, որ ներդրումները աճ չեն արձանագրի, որը պայմանավորված կլինի հիմնականում մասնավոր ներդրումների 2.6 տոկոս նվազմամբ։
Վերջում հավելենք, որ հաստափոր այդ փաստաթուղթը նոր է հրապարակվել և մինչև ԱԺ-ի կողմից հաստատվելը՝ դրանում բազմաթիվ «գոհարներ» կհայտնաբերվեն։
«168 ԺԱՄ»