Այս տարի սահմանափակման տակ չընկած հոդվածների քանակը մեծացել է
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դռնփակ նիստ անցկացրեց՝ քննարկելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներման առաջարկը խորհրդարան ներկայացնելու նախագիծը: Նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ի պատասխան այն հարցին, թե ո՞ւմ վրա է տարածվելու համաներումը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը անեկդոտ հիշեց. «Մեկին հարցնում են, թե հայրենական պատերազմի ժամանակ քանի՞ մարդ է մահացել, սա ասում է՝ քսան միլիոն, ասում է՝ դե բոլորի անունն ասեք»: Համաներումը դուք ներման հետ մի շփոթեք. ներման ժամանակ են անուններ լինում, համաներման ժամանակ լինում է արարք, հոդված, այնպիսիք, ինչպիսիք են՝ առաջին անգամ դատապարտված, մինչև տասնութ տարեկանը հանցագործություն կատարած, հղի վիճակում, մինչև երեք տարեկան երեխա ունեցողները»:
Հրայր Թովմասյանը նշեց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ նախագահի համաներման առաջարկությանը: Նա հայտնեց, որ համաներման տեքստը պատրաստ է:
Հարցին, թե արդյոք համաներումը կտարածվի նաև ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի վրա, արդարադատության նախարարը պատասխանեց. «Տիգրան Առաքելյանի մեղսագրվող հոդվածն ընկած չէ սահմանափակումների տակ: Համաներումը ենթադրում է, որ կալանավորների մի մասը միանգամից կազատվի, մյուսների պատժի չկրած մասը կկրճատվի և կան հոդվածներ, որոնց վրա ընդհանրապես չի տարածվի: 2011-ին համաներումն ազդել է հազար երկու հարյուր կալանավորի վրա, այս տարի գուցե մի փոքր ավելի շատ, քանի որ սահմանափակման տակ չընկած հոդվածների քանակը մեծացել է: Կան երկրներ, որոնք համաներում են հայտարարում ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար: Մենք այսօր ունենք ընդամենը սահմանվածից մոտ 250 ավելի կալանավոր: «Արմավիր» ՔԿՀ-ն շահագործելուց հետո այդ հարցը լուծվելու է, ուստի ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածությունը չէ համաներում հայտարարելու առաջնային պատճառը»:
Լրագրողները հետարքրքվեցին նաև, թե այդ դեպքում ինչո՞վ էր նպատակահարմար համաներման մասին հիմա հայտարարել, ինչին ի պատասխան Հրայր Թովմասյանը նշեց, թե նպատակահարմարությունը որոշում են ՀՀ նախագահն ու Ազգային ժողովը: