Բաժիններ՝

Ո՞վ է «կլանել» Հայաստանի գործազուրկներին

Հայաստանում գործազրկության մակարդակը, պաշտոնական տվյալներով, նվազել է։ Եթե 2010-ին գործազրկության մակարդակը եղել է 19%, ապա 2011-ին կազմել է 18.4%, 2012-ին՝ 17.3%, իսկ 2013-ի վերջին սպասվում է 17.2%։

Մինչ շատերը «դավադրաբար» մտածում էին, որ գործազուրկների թվի կրճատումը և գործազրկության նվազումը պայմանավորված է հիմնականում աշխատունակ հատվածի արտագաղթով, պարզվում է՝ գործազուրկներին «կլանել է» մեր աճող տնտեսությունը։ Այս մասին նշվում է ՀՀ 2014 թվականի բյուջետային ուղերձում՝ աշխատանքի շուկային վերաբերող հատվածում. «Տնտեսության վերա­կանգնմանը զուգընթաց գործազրկության մակարդակը կրճաման միտումներ սկսեց արձանագրել և 2011թ արդյունքներով  կազմել է 18.4 տոկոս: 2012 թվականին տնտեսական աճի բարձր ցուցանիշը նպաստել է աշխատուժի էական կլանմանը, արդյունքում գործազրկությունը կազմել է 17.3 տոկոս»: Այսինքն՝ տնտեսությունը աճել է, ստեղծվել են նոր աշխատատեղեր, իսկ գործազուրկները ոչ թե արտագաղթել են, այլ աշխատանք են գտել Հայաստանում։

Ավելացնենք, որ կառավարությունը ոչ միայն նախորդ տարիների և ընթացիկ տարվա պատկերն է վերլուծել, այլև լավատեսական կանխատեսումներ է արել 2014 թվականի համար։  «2013 թվականին տնտեսական ակտիվության աճին զուգընթաց կանխատեսվում է գործազրկության մակարդակի աստիճանական նվազում, որը կպահպանվի նաեւ 2014 թվականին: Հաշվի առնելով կանխատեսվող տնտեսական աճի կառուցվածքը` այն կապահովվի տնտեսության ճյուղերի կողմից նոր աշխատուժ ներգրավելու հաշվին: Ընդ որում, գործազրկության անկումը համեստ կլինի, քանի որ կուղեկցվի աշխատանքի արդյունավետության (արտադրողականության) բարձրացմամբ, մասնավորապես աշխատանքի արտադրողականությունը 2014թ կաճի շուրջ 8.5 տոկոսով»,- նշված է ուղերձում, որի աղյուսակի համաձայն՝ 2014-ին գործազրկության մակարդակը կկազմի 17.1%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս