Սաշա Սոկոլով
Խոսք ասված Էմորի համալսարանում
«Ելույթներ ու էսսեներ» գրքից
Մարդու վերաիմաստավորումը
Փորձելով գիտակցել մարդու իրավունքների իմ ընկալումը, ես` որպես մարդու նմուշ, ավելի կոնկրետ մեկին չգտա, քան ես, ու այդ մարդուն մի շարք ուղղորդող հարցեր տվեցի: Քո կենսագրության ո՞ր հանգամանքը, հարցրի ես նրան, քեզ առավելագույնս անհաջող է պատկերանում: Չհաշված ծնունդը` որպես այդպիսին, պատասխանեց նա, ամենավշտալին ես ենթադրում եմ ի սկզբանե իմ մասնակցությունն անիրավ հասարակարգին: Իհարկե, կարող էր ավելի վատ լինել: Ես կարող էի ծնվել` որպես Չինաստանի, Կամբոջայի, Վիետնամի, Մեծ Ալբանիայի քաղաքացի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նեգր կամ էլ փորձաճագար:
Բայց նմանատիպ խորհրդածությունները քիչ են մխիթարում, քանզի մոռանալ, որ կարող էր շատ ավելի լավ լինել, չի հաջողվում: Եվ բնական է, որ ամենաբերկրալի հանգամանքի մասին հարցին ես պատասխանում եմ, դա յոթանասունհինգ թվականի հոկտեմբերի ութի երեկոն է, երբ ինքնաթիռը, որով ես թռա Մոսկվայից, վայրէջք կատարեց Վիեննայում: Ես ստորգետնյա անցուղով գնում էի մաքսատուն և տենդագին, բայց բացարձակապես հստակ գիտակցում էի` նևերմոր (երբեք): Եվ ազատության զգացողությունը, որ ես ապրում էի այն ժամանակ ու հետո, քայլելով Եվրոպայի դրախտային այգով, լիակատար էր ու բարձրագույն: Ազատությունը համարյա թե նյութականացել էր, այն մեխանիկական հոլի երաժշտություն էր, որ անդադար վնգում էր սրտումս: Ժամանակի ընթացքում այդ զգացողությունը հանդարտեց, բայց և հիմա էլ, այսքան տարի անց, ես չեմ հոգնում ինձ շնորհավորելուց` տխմարեցված հայրենիքից մեկնելու համար:
Ինչո՞ւ ինձ թողեցին, մտածում եմ ես, հատկապես ինձ, այդքան ցանկացողների, տառապողների և ատողների միջից: Ինչո՞ւ ինձ, հարցնում էր Ստալինի հանրահայտ զինակից ու ժողովրդի թշնամի Լավրենտի Բերիան` իմ «Պոլիսանդրիա» վեպի հերոսը: Միևնույն հարցը, բայց այլ իրավիճակում` մինիստրին տանում էին գնդակահարության: Ինչո՞ւ, նկատի ուներ նա, ոչ Խրուշչովին, ոչ Վորոշիլովին, ոչ Կագանովիչին Մոլոտովի հետ, և ոչ մնացյալ Կենտկոմը, այլ իրեն, Լավրենտի Պավլովիչին: Ճակատագրի դաժան ժեստի մեջ նա տրամաբանություն չէր տեսնում, և իր հուշող հարցն իրեն օրինական էր թվում: Բայց մեզ` հետնորդներիս, հատկապես ֆիզիոնոմիստներիս համար, ավելի տեսանելի է:
Բավական է աչք ածես մահապատժի ենթարկված դահճին, և ախտորոշումը պարզ է, սա վատ է վերջացնելու: Եվ ճիշտ է: Բացի դեմքից, մեր ապագան մերկացնում են մեր արարքները: Չէ՞ որ մենք կրկնվում ենք, և վիճակները, որոնց մեջ մենք մեզ գտնում ենք, շատ հաճախ նմանատիպ են լինում: Մի ժամանակ ես ծանոթ էի մի պաթոլոգիկ ընթերցողի: Նա ծնվել ու մեծացել էր Մոսկվայում և այնտեղից ավելի հեռու, քան Բորիս Լեոնիդովիչ Պաստեռնակի գերեզմանն էր, չէր գնում, որ մայրաքաղաքից քսան մղոնի վրա է, քանզի աշխարհում բոլոր ճամփորդություններից գերադասում էր գիրքը: Եվ կար այլ մեկը, ով ոչ մեկի հետ երբեք չէր վիճում, կապերը չէր խզում, ծանոթությունները չէր խափանում, ինչ էլ որ դա իրեն արժենար:
Ձեր առջև կանգնած է մի մարդ, ով կտրականապես հակադիր է այդ երկուսին: Ողջ իր կյանքի ընթացքում նա ինչ-որ մեկի հետ կապերը խզել է, որևէ ծանոթության վրա չի դողացել և անդադար ինչ-որ տեղ գնացել է` հեռու և երկար ժամանակով: Իդեալիստ, էգոցենտրիստ ու ռոմանտիկ, նա ճշմարտությունն ընկերությունից վեր էր դասում և իր հեռացումն ընտել ու, հաճախ, տաղտկալի միջավայրից գնահատում էր` որպես աճի միջոց, որպես պայքարի մեթոդ իր էգոյի համար: Նա նայում էր անցածին, ինչպես օձն իր թողած հին կաշվին` առանց խղճահարության, թեթևացած, և այդպես վարվել իմանալու մեջ տեսնում էր անհատական ազատության երաշխիքը: Դա նա համարում էր իր հիմնական և առաջնային մարդկային իրավունքը: Համարում էր, սկսած հիսուն թվականի սեպտեմբերի մեկից, երբ բերվելով առաջին անգամ բազում նեխահոտած մոսկովյան դպրոցներից մեկը, ուշքի չգալով` փախավ: Բռնվեց միայն երեկոյան: Տխուր ժամկետները, որ անցկացվեցին դասարաններում` որպես մշտապես ամենավատ աշակերտ, անբան և խռովարար, զուր չեն անցնի: Դրանք հումք կծառայեն առօրյայի չեխովյան գորշության, ուսուցիչների և աշակերտների բթության և անիրավության մասին խորհրդածությունների համար, դրանք նյութ կծառայեն առաջին վիպակի համար, որը նա կգրի` փախչելով հեղինակավոր գրական թերթից ու դառնալով Վոլգայի որսապետերից մեկը:
Ձեռագիրը գաղտնաբար կլքի Ռուսաստանը հեղինակից երկու տարի առաջ, որովհետև Ռուսաստանում այն տպելն անպատկերացնելի բան էր: Այն տպագրում են անգլերեն և ռուսերեն: Դա կլինի գիրք մի նրբին ու տարօրինակ տղայի մասին, ով տառապում է անձի երկվությամբ: Ինչ-որ աշակերտի մասին, ով չի կարողանում հաշտվել շրջակա իրականության հետ: Անարխիստ` ըստ էության, նա ընդվզում է ամեն ինչի դեմ և ի վերջո եզրակացնում է, որ աշխարհի երեսին չկա ոչինչ-ոչինչ-ոչինչ, բացի քամուց: Հեղինակը համակրում է իր հերոսին: Նրանց հայացքներն առ մարդու իրավունքներն ու, մասնավորապես, ռուս մարդու անիրավությունը համընկնում են երրորդի, առավել հայտնի այլախոհի հայացքների հետ: Գրքում մեջբերվում է վերջինիս վկայությունը, որը թվագրված է տասնյոթերորդ դարի ամայությունից: Այն ցուցանում է, որ նույնիսկ ժամանակն ունակ չէ բարելավելու մեր ժողովրդի վիճակը, ինչպես նաև փոխելու նրա` այդ իրավիճակին ուղղված տեսանկյունը:
Ռուս մարդկանց բազմաչարչարությունը` բոլորին հայտնի պատմական առակ է: Եվ դրա մասին շատ է գրվել: Ինձ մնում է մի քանի խոսք հավելել, և այն էլ` ոչ իմ խոսքերը: Ես որպես բնաբան եմ վերցրել իմ «Դպրոց հիմարների համար» վիպակի համար տասնմեկ ռուսական բայ, որոնք հայտնի բացառություն են կազմում մինչև այժմ ինձ հայտնի կանոնից: Քշել-պահել-նեղացնել-լսել-տեսնել- և պտտել ու շնչել- և ատել- և կախված լինել- և տանել: «Դպրոցը» գրելուց տասը տարի անց իմ հայացքն առ ռուսական իրավիճակն առավել ևս է մռայլվել: Տարիքը, երևի թե, իրենն ասում է, ինչպես նաև մարդասիրական ռեժիմով երկրներում մնալու փորձը: Բացի այդ, և դա ակամա պատահեց, ես գրավեցի համարյա թե կողքանց զննողի դիրքը: Եվ շատ բաներ ավելի լավ տեսնվեց: Եվ նայելով տարիներին, որ ապրել է ժողովուրդն իմ ինձանից առաջ, և հետո, ես չեմ կարող չնկատել, որ Ռուսաստանի ողջ պատմությունը նրա ու նրա և հարևան պետությունների քաղաքացիների իրավունքների ճնշման պատմությունն է` իր ղեկավարների կողմից: Ես ոչ մեկի վզին չեմ փաթաթում իմ կարծիքը: Բայց ինձ տարհամոզել չի հաջողվի ոչ կոմունիստներին, ոչ էլ միապետականներին: Եվ, այդուհանդերձ, հույսն առ լավ ժամանակները դեռ թրթռում է:
Այն թրթռում է, քանի դեռ թե թեկուզ վեպերում պատահում են, ասենք, մարդիկ Պովել Նորվեգովի պես, ով հիմարների համար դպրոցի աշխարհագրության ուսուցիչն էր, որ վաղուց արդեն մահացել է, բայց շարունակում է հայտնվել: Ահա անվեհերության ու անսահմանափակ ներքին անկաշկանդվածության տիպարը: Քանզի ինչի՞ց պիտի վախենամ հավերժության առաջ, բացականչում ենք մենք նրա հետ, եթե այսօր քամին տարուբերում է իմ մազերը, մտնում է վերնաշապկիս տակ, շնկշնկում է գրպաններիս մեջ և պոկում է պիջակիս կոճակները, իսկ վաղը` արմատախիլ է անում կաղնիները, փոթորկում է ջրամբարները և այգուս սերմերը շաղ է տալիս աշխարհով մեկ: Կվախենամ ինչ-որ բանից ես` Պավել Նորվեգովս, ազնիվ թխացած մի մարդ` «գոտու» հինգերորդ արվարձանից, համեստ, բայց իր գործն իմացող մանկավարժ, ում նիհար, բայց և արքայական ձեռքը առավոտից իրիկուն պտտում է խաբուսիկ պապյե-մաշեից սարքած տիեզերքը: Տվեք ինձ ժամանակ` ես ձեզ կապացուցեմ, թե ով է մեզանից ճիշտ: Ես երբևէ այնպես կպպտացնեմ ձեր ճռճռան ծույլ էլիպսոիդը, որ ձեր գետերը կվարարեն, դուք կմոռանաք ձեր կեղծ գրքույկներն ու թերթիկները, ձեր սիրտը կխառնի ձեր իսկ ձայներից, ազգանուններից և կոչումներից: Ցասկոտ միջանցահովիկը կքշի-կտանի ձեր փողոցների ու նրբանցքների անունները և տաղտկալի ցուցանակները: Դուք ճշմարտություն կտենչաք: Որդնած պապուկների ցեղ, կշտամբում ենք մենք Պավել Նորվեգովի հետ մեր ընթերցողներին, անուղեղ պանուրգյան հոտ, ճանճերով ու ոջիլներով պատված: Դուք մեծ ճշմարտությանը կարոտ լինեք: Եվ այդժամ կգամ ես: Ես կգամ ու հետս կբերեմ ձեր սպանածներին ու վիրավորվածներին և կասեմ` ահա ձեզ ձեր ճշմարտությունը` պատիժը ձեզ:
Եվ սարսափից ու տխրությունից ձեր ստրկական թարախը սառույցի կվերածվի, որ արյան տեղ հոսում է ձեր երակներում: Այսպիսով, կեցցե՛ ազատությունը: Ազատությունը, որի մասին Բարլետի անվան մեջբերումների բառարանում ասված է այնքան, որքան Աստծո և սիրո մասին: Եվ այդուհանդերձ, կրկնելով ինչ-որ մեծ մեկի ետքից` ազատությունն իմ Աստվածն է, կամենում եմ ինչ-որ բան էլ ինձնից հավելել: Այդ պատճառով, երբ Պրոտագորասն ինձ ասում է, որ մարդը բոլոր բաների չափանիշն է, ես շարունակում եմ Պրոտագորասի միտքը: Իսկ ազատությունը, ասում եմ ես նրան, ամենայն մարդու չափանիշն է: Ազատության նրա ընկալման, վերաբերմունքի առումով: Իմ հայրենակիցների մեծամասնության վերաբերմունքն առ դա, դրա չըմբռնումը ինձ մշտապես հունից հանում էր: Հատկապես պատանի հասակում: Պատահում էր, վաղանցիկ փողոցային կամ ռեստորանային թռուցիկ բանավեճի պահերին, ի վերջո, իրավունքներին ու ազատությանը վերաբերող, ես գործածում էի բռունցքի ծանրակշիռ փաստարկը, բայց ճակատագիրն այդտեղ իմ հանդեպ բարեհաճ էր` ծեծկռտուքի համար ես այդպես էլ երբեք չձերբակալվեցի: Ես ձերբակալվեցի միանգամայն այլ բանի համար` քոսոտ կազարմաներից ինքնակամ բացակայությունների համար, որտեղ կուրսանտ էի: Այդտեղ ևս բախտս բերեց:
Ես նստած էի նույն բանտում և դրա նույն թևում, ուր գնդակահարության էր սպասում տարակուսած Լավրենտի Պավլովիչը: Միայն թե նա նստած էր ինձնից տասնմեկ տարի առաջ և երկու հարկ վեր` լյուքս համարում:
Չեմ կարող ասել այն հարկի համար, բայց մեր հարկում մարդու իրավունքները չէին քննարկվում, թեպետ և դրանք առանց այդ էլ շատ քիչ էին: Այսպես, ինը հոգանոց բանտախցում հասնում էր օրը մի «Պրավդա», իսկ առավոտյան և երեկոյան զուգարան գնալու համար` երկու րոպե: Դե՛ ընդհանրապես, ես ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, որ նույնիսկ ինչ-որ ուսանողական խմբում դատողություններ արվեին մարդու իրավունքների մասին: Այսինքն` դատողություններ արվեր ոչ թե վաղանցիկ, այլ հանգամանորեն և լուրջ, արտահայտվելով: Փակագծում` հնարավոր է, ես այն խմբերում չեմ եղել, այդպես լինում է: Դատողություններ էի անում, ասենք, արգելված գրականության մասին, բայց խոսքն այն մասին չէր, թե ինչու և ով էր այն արգելել:
Դա ինքնին հասկանալի էր: Հակասովետական անեկդոտներ էին պատմում, ընդհատակյա երգեր էին երգում, կիսաձայն ու կատակով զավեշտալի լոզունգներ էին ասվում, լուրեր էին հաղորդվում, որ ինչ-ինչ մարդկանց դատում են, իսկ որոշներին արդեն դատել են: Բայց երբեք այդ ամենի հիմքում տեսական բազա չէր դրվում: Ոչ մեկը չէր հայտարարում, որ Սահմանադրության որոշ հոդվածների վրա հիմնվելով, մենք` սովետական քաղաքացիներս, իրավունք ունենք լսելու արտասահմանյան ռադիոկայանների հաղորդումները և արտասահման գնալ, բայց մեզ չեն թողնում: Մի կողմից` յուրաքանչյուրը մանկուց գիտի, որ այդպիսի խոսակցություններից օգուտ չի լինի, արգելված է, կնշանակի` արգելված է, իսկ մյուս կողմից` կախվածի տանը պարանից չեն խոսում:
Զուր դուրս տալն էթիկական չէ: Ամեն ինչ առանց խոսակցությունների էլ պարզ է: Ամենքն ամեն ինչ հասկանում են: Եվ այդ համընդհանուր ըմբռնումը, սեփական վիճակի անհուսության ըմբռնումը ներքնապես ինձ ազատագրեց, ես անհամեմատ ավելի ազատ դարձա: Եվ ես գիտակցեցի, որ ոչ ապրել և ոչ էլ գրել հնի պես այլևս ընդունակ չեմ: Այն բանից հետո, երբ բարձրագույն ռազմաբժշկական կոմիսիան պաշտոնապես ինձ չպայթած ռումբ ճանաչեց, ես ճերմակ թուղթ ստացա և ներմուծվեցի ազատ մայրաքաղաքային արվեստագետների փայլուն ամբոխի մեջ: Դրա հետ մեկտեղ` վաթսունական թվականներն էին` նէպից հետո ամենադեմոկրատական շրջանը ռեժիմի պատմության մեջ: Երեկոները քաղաքի հրապարակներում երիտասարդ հանճարները միմյանց բանաստեղծություններ էին կարդում: Ես նրանցից մեկն էի` մի քիչ բանաստեղծ, մի քիչ թափառաշրջիկ: Իշխանությունը նրանց հանդեպ համարյա անտարբեր էր: Եվ, այդուհանդերձ, հենց այդ երջանիկ ամիսներին ես հասկացա, որ վաղ թե ուշ ես այս երկրից կփախչեմ: Դե՛, թեկուզ առողջ հետաքրքրությունից ելնելով: Տաղտկալի է, պարոններ, ողջ ինկարնացիան տանջվել հարազատ և միևնույն հայրենիքում: Ասենք` նավով Սև ծովի միջով, կամ, ասենք, դահուկներով Շպիցբերգենի միջով, կամ թե ոտքով` Պամիրով կամ Լապլանդիայով:
Դե արդյո՞ք քիչ միջոցներ ունի մեր քաղաքացին` իրականացնելու այն չլինելու իր իրավունքը: Եվ միայն մեկը, մոտավորապես երեսունից, հետաքրքրվեց իմ առաջարկով: Արդյունքում` նա այժմ բնակվում է Կալիֆոռնիայում, իսկ մնացածներն ապրում և, հավանաբար, մինչև կյանքի վերջ ապրելու են իրենց հին հասցեներով: Այն ժամանակ ես անհաշտ ու հուսահատ մաքսիմալիստ էի: Ես կարծում էի, որ մեր երկրում ստեղծված իրավիճակից կա մոտավորապես մեն միակ ելք` զանգվածային տարագրությունը: Զանգվածներն իմ հույսերը չարդարացրին: Եվ փառք Ալլահին, ասում եմ ես հիմա, բոլորի համար պարտադիր չէ փախչելը, կապերը խզելը, քմահաճություններ անելը, չէ՞ որ հարկ է, որ ինչ-որ մեկը կայսրությունում բնակվի:
Բայց և հիմա էլ, երկու անգամ ավելի մեծ լինելով այն ազատատենչ վաթսունականների բանաստեղծից, ես թաքուն, թաքուն, որպեսզի չկորցնեմ սոլիդ, պորտմոնեով մարդու հեղինակությունը, չեմ հասկանում, թե որ գրողի տարածի համար միլիոնավոր քնքուշ, հրաշալի, սրտամոտ, լրջմիտ, ազնիվ իմ հայրենակիցները տանում են իրենց գոյության պայմանները: Մի՞թե նվաստացուցիչ չէ ապրել մի երկրում, որտեղ ոտնահարված է այն, ինչը մենք այստեղ վերաիմաստավորում ենք: Եվ մի՞թե ամոթ չէ այնտեղ բնակվելը: Ես Մոսկվայում մի ծանոթ ունեի` երիտասարդ դիվանագետ: Երկար ժամանակ ծառայում էր Նյու Յորքում` որպես սովետական ներկայացուցչության քարտուղար: Մի անգամ, երբ նա հերթական անգամ եկել էր արձակուրդի, ես հենց ուղիղ էլ հարցրի` լսի՛ր, ընկերս, կինդ, միևնույն է, քեզ թողել է, երեխաներ չունեք, դու ազատ թռչուն ես, ասա ինձ, ինչո՞ւ ես դու միշտ այստեղ վերադառնում, ի՞նչ ես դու այստեղ կորցրել: Եվ թեպետ մինչ այդ պահը բավական խմել էինք, նա պարզապես հարցը չհասկացավ:
Ավելի ճիշտ` հասկացավ, բայց այնքան ապշեց դրանից, որ այդ պահին ինչ-որ մեկը եկավ, և հարցը մնաց օդում կախված: Փորձելով այն փակել, ես երբեմն դիմում եմ ամենատափակ զուգահեռի: Կան տարբեր թռչուններ, ասում եմ ինքս ինձ: Եվ տեղնուտեղը հիշողությունս հուշում է Ժակ Պրևերի տողը. «Որպեսզի թռչուն նկարես, սկզբում պիտի վանդակ նկարես»: Անշուշտ, պատասխանում եմ ես, անշուշտ, կա և վանդակը: Եվ դրա մեջ կան տարբեր թռչուններ: Եվ թռչուն-քարտուղարը հիանալիորեն է տանում իր բանտարկությունը, միայն թե փոքր-ինչ գիրանում է: Իսկ, օրինակ, թռչուն-սոխակը նույն վանդակի մեջ լռում ու սատկում է: Իսկ փյունիկ-թռչո՞ւնը: Փյունիկ-թռչունը հավատարիմ է իրեն և անազատության մեջ: Նա` ի նշան բողոքի, այրում է իրեն, և երբ նրա փոշին ավլում են վանդակից, նա վերածնվում ու թռչում է: Նա սեփական արժանապատվության սրված-վառ զգացողություն ունի: Գնում ենք դաս զայնե, կամ թող մեռելները թաղեն իրենց մեռյալներին, իրենց իրավունքներն ու ազատությունները: Ես թողեցի: Ես փութանակի մի քանի անպետք իր լցրի ճամպրուկս, և ոչ մեկին ցտեսություն չասելով` հերթական հեռացումը գործեցի տաղտկալի միջավայրից: Զանգվածներն իմ հույսերը չարդարացրին, և տարագրության հարցը լուծեցի անհատական կարգով: Դա ամենադժվար հեռացումն էր: Ես կարծում եմ` դա հաջողվեց այն պատճառով, որ հանուն դրա ես պատրաստ էի զոհել համարյա թե ամեն ինչ: Այո, ըստ էության, և զոհեցի: Կյանքն Արևմուտքում լիովին հարմար է թվում: Ես այստեղ գտնում եմ այն, ինչը հատկապես հուսով էի ձեռք բերել: Այստեղ հաստատված են հենց այն իրավունքներն ու ազատությունները, որոնք ինձ համար առավել թանկ են:
Ժողովների ու մանիֆեստացիաների ազատությունը: Բնակության վայրից հեռանալու ու այնտեղ վերադառնալու իրավունքը: Ցանկացած ձևով քո գաղափարներն արտահայտելու և ոչ մի կերպ չարտահայտելու իրավունքը: Որպես գրողի` ինձ հատկապես դուր է գալիս ցենզուրայի բացակայությունը թերթերում, ամսագրերում, հրատարակչություններում: Ծանոթագրություն` բացառություն են կազմում որոշ ռուսական հրատարակչություններ: Պարադոքսալ է, որ դրանց մի մասը լույս է տեսնում Ամերիկայի աջակցությամբ և իր երկրում: Ստրկական վախը, կեղծիքն ու քարացածությունն անբուժելի են նույնիսկ տարագրության ճանապարհով: Եվ բավ է այդ մասին:
Արվեստագետի դիմանկարն Ամերիկայում Նոբելի սպասման մեջ
Դասախոսություն ընթերցված Կալիֆոռնիայի համալսարանում (Սանտա Բարբարա)
Արևելյան իմաստունները պնդում են, որ քառասուն տարին` դա երիտասարդություն է, և դեռ ուժ ու ժամանակ կա` ամեն ինչ նորից սկսելու համար: Հարկ է լոկ հրաժարվել նախկին ապրելակերպից և լիովին փոխել կահավորանքը: Այդպես էին վարվում բանաստեղծները միջնադարյան Ճապոնիայում: Փառավորվելով համերկրացիների շրջանում, նրանք բաժանում էին ունեցվածքը և մի լվացված խիտատարիով դեգերում էին օտար գավառ:
Այնտեղ նրանք այլ անուններ էին կրում և այլ ստեղծագործական ճակատագիր էին ձեռք բերում: Այդպես վարվեցին քրիստոնեական պոեզիայի մեծ սխրագործները` Մարկոսը, Մատթեոսը, Ղուկասն ու Հովհաննեսը: Արձագանքելով Ուսուցչի կանչին, նրանք մեռելներին թողեցին թաղելու իրենց մեռյալներին և գնացին Նրա ետքից: Նրանք ընթանում էին կոչման ուղիով: Դա ուղին էր առ հոգեկանության բարձունքները և, ինչպես հետագայում պարզվեց, առ մեծ գրականությունը: Դառնությամբ և զրկանքներով լեցուն ուղի: Նա Ինքը` այս բանաստեղծների հովիտն այցելած մեծագույնը, նաև ամենաաղքատն էր: Աղվեսներն ունեին որջեր, և երկնային թռչունները` բներ, իսկ Մարդու Որդին չգիտեր, թե ուր գլուխը հակի:
Արդյո՞ք Սուրբ Հոգով չէր` նժդեհության, չքավորության, ինքնաժխտման, ինքնանվաստացման հոգով չէր կենդանի քրիստոնեական աշխարհի պոեզիան, պոեզիան բառիս այն թափանցող իմաստով, որով այն միայն կարող է պոեզիա համարվել: Ռուսական Պառնասում այդ ոգին սավառնում է հատկապես զգալի:
Այստեղ աղքատ է համարյա թե ամեն ոք: Հայտնի թափառականներից բավական է հիշել խելագար Կոնստանտին Բատյուշկովին, ով իր գոյությունը կոտորակել էր հիսուն քաղաքների վրա` Տոբոլսկից մինչև Լոնդոն, կամ անտուն Վելիմիր Խլեբնիկովին: Իսկ հանճարեղ ինքնասպաններ Վլադիմիր Մայակովսկին, Մարինա Ցվետաևան, Սերգեյ Եսենինը երաշխավորման կարիք չունեն: Ի դեպ, չարժե ծայրահեղությունների մեջ ընկնել: Այստեղ դա մոդա չէ: Ավելի լավ է վերադառնանք մեր ճապոնացիներին: Նրանց փիլիսոփայությունների լավատեսությունն ինձ միշտ հիացրել է, բայց ինչ վերաբերում է վերը հիշատակած տեսությանը, ապա նախկինում ես երբեք դա իմ հաշվին չեմ ընդունել: Քանզի արվեստագետը հաճախ իդեալիստ է, ինչի շնորհիվ` անկարելիության չափ անհեռատես է: Քանի դեռ նրա երեսունինը տարին չի բոլորել, քառասունը նրան անհասանելի, լեգենդար տարիք է թվում: Մինչև քառասունը դեռ պետք է ապրել, տարիներով պնդում է նա, անհոգ, հայելու մեջ անհոգ բաժակակցին: Եվ նա չհամաձայնելու ոչ մի հիմք չունի Եվ դե, իհարկե, ոչ մի memento mory: Չէ՞ որ նա, ով արարում է անփուտը, անմահ է և միշտ երիտասարդ: Սակայն ստացվեց այնպես, որ ես ապրեցի: Ես դարձա լեգենդար տարիքի մարդ: Եվ, պատկերավոր ասած, ժամն է արդեն հինավուրց խիտատարի հագնելու: Պտտվելով դրանով հենց նույն հայելու առաջ, ես հայտնաբերեցի, որ այն իսկ և իսկ ինձ համար է, բայց, ավաղ, մաշվել է ոչ միայն նյութապես, այլ նաև բարոյապես: Այլ կերպ ասած, կահավորանքը փոխելն արդեն իմաստ չուներ:
Մի տասը տարի առաջ ես այն այնքան հիմնավոր փոխեցի, որ նորոգման իներցիան ինձ կբավի մինչև խորը երիտասարդություն: Սկզբում ես գնացի Մոսկվայից Վիեննա, ուր գոյության ռուսական կերպը փոխեցի ավստրիականի, իսկ այնուհետև ուղևորվեցի Միչիգան և ավստրիականը փոխեցի ամերիկյանի: Այդ տեղափոխությունների ընթացքում փոխեցի երեք կեցության իրավունք, երեք ընկերական շրջապատ, չորս ատամնաբույժ, քաղաքացիություն, դիետա, մի քանի զույգ կոշիկ ու տաբատ, մի քանի աշխարհայացք, վերաբերմունք առ Իսրայելն ու Վիետնամը, առ Հոլիվուդն ու Ուոթերգեյթը, առ ֆեմինիամն ու համասեռամոլությունն ամբողջությամբ վերցրած: Նույնիսկ անունս փոխեցի: Ռուսաստանում Ալեքսանդր էի, Ամերիկայում ներկայացա` որպես Սաշա: Մի խոսքով, ավելի հեշտ է թվարկել, թե ինչը չփոխեցի: Առաջին հերթին և ամենակարևորը` ես հավատարիմ եմ իմ գործունեության տեսակին: Ես դեռ գրում եմ, իսկ վերջը դեռ չի երևում:
Ապրումները, որ ունենում ես այդ առիթով, համանման են Ռեյ Բրեդբերիի «Փունելը» պատմվածքի մեքենավարի զգացողությունների հետ: Գնացքը մտնում է արտաքինից սովորական մի թունել, իսկ դուրս գալ չի կարողանում, որովհետև այն չի ավարտվում: Այն չի վերջանում երբեք, և անհայտ է, թե ինչ կլինի հետո: Ավելի շուտ` ոչ մի լավ բան: Մեքենավարի վիճակը հասկանալը դժվար չէ` սա հաստատ հետաքրքրված է: Նույնը` և գրականության մեջ, սկսելով` երբեք չգիտես, թե այդ մտադրությունից ինչ դուրս կգա, ընդհանրապես մի բան դուրս կգա՞, և արժե՞ր արդյոք բռնել լծողակից: Գրողական ստեղծագործության տառապանքների մասին գրել են բոլորը, ովքեր գրել են: Հեսիոդոսից մինչև Հեմինգուեյը:
Վերջինիս ընկեր Իլյա Էրենբուրգն ասել էր, որ ամենադժվար գործն աշխարհում գրիչը թղթի վրայով շարժելն է: Մարդն ընդհանրապես թույլ է, իսկ արվեստագետը` առավել ևս: Նա նրբին է, փափկամարմին, հիվանդոտ, և համաշխարհային վիշտն անարգել բույն է հյուսում նրա սրտում: Պարապ ժամանակ մտեք գրական սալոն: Տարբեր անկյուններում նստած` գրողները խեթ-խեթ միմյանց են նայում, հաղորդակցվում են ներքին մենախոսություններով և երազում են Նոբելյան մրցանակի մասին: Նրանք անրջում են դրա մասին այնքան երկար, որ բացարձակապես ձուլվել են դրան, գալիքին, և այն յուրովի ու քնքուշ անվանում են` նոբելևկա: Կամ էլ քամահրաբար` Նոբել: Գյուտարարի ընտանիքը մանրազնին քննելով, ինչպես իր սեփականը, գրողները հիշում են, որ նրա կինը մի ամառ պարում էր տեղի դպրոցի պատանի մաթեմատիկոսի հետ: Իմանալով այդ մասին` ինժեները հրավիրեց նոտարիուսին և իր կտակի տեքստին հավելեց մի հետգրություն` «Մաթեմատիկոսներին մրցանակ չտալ»: Փառք Աստծո, որ կինն այդ չկապվեց գրողի հետ, ուրախանում են գրողները, թե չէ մեր բանը բուրդ կլիներ:
Ախ, դե շուտով լիներ: Բայց Նոբելը չի գալիս ու չի գալիս, և գրողները դարձյալ տխուր են: Էքզիստենցիալիզմի տիպական զոհեր, նրանք բողոքում են մենությունից ու օտարումից, ալկոհոլիզմից և մեգալոմանիայից, իսկ արձակ գրելը համեմատում են հանքահորերում կամ ստրկանավերում աքսորյալների աշխատանքների հետ, ծննդաբերողի և մարաթոնցու տառապանքների հետ: Ամենանուրբ համեմատություններից մեկն առաջարկել էր Մայա Կագանսկայան: Գրվածի հետ առանձին, ավելի ճիշտ, գրվող բառի հետ` դա տարագրություն է, ասել է նա, տարագրություն է կյանքից: Կարդալով այս խոսքերը` ես հիշեցի Ալեքսեյ Ցվետկովի դիտողությունը, որը նա արեց բանաստեղծական երեկոյին Միչիգանի համալսարանում:
Մեկն այն տարագիրներից, որ աքսորի տարիներին անգլերենում առանձնակի հաջողությունների չհասավ, բայց հասցրեց մոռանալ մայրենին, գրգռված դահլիճից գոչեց` գեղեցիկ է հնչում, բայց անհասկանալի է` դուք ինչի՞ մասին եք գրում: Ես գրում եմ մահվան մասին, խոստովանեց Ցվետկովը: Բանաստեղծի պատասխանն ինձ մղեց խորհրդածությունների ստեղծագործության բնույթի մասին: Ֆրեյդը համարում էր, որ դա անհնար է ըմբռնել: Համենայն դեպս, հոգեվերլուծության մեթոդով: Նա` որպես գիտնական, ավելի լավ է տեսնում: Փոխարենը` ես` որպես գրող, ավելի սուր եմ զգում: Եվ ես զգում եմ, որ ստեղծագործության բնույթին հասու ես լինում նրա պրոցեսում: Այն հատվածական է, և այդ իմացության համար պիտի վճարես համապատասխան արժույթով:
Ասենք` օբոլոսներով (մանրադրամ Հին Հունաստանում): Եվ եթե պետք է մի բառով բնորոշել բանասիրության պաթոսն` իր բարձր ու բնական դրսևորումներում, ապա կարելի է հիշել վերը նշված ինքնանվաստացումը: Ի հաստատումն իմ ոչ այնքան յուրօրինակ մտահանգումների և ի օգնություն համեմատական գրականության սիրահարների` կմեջբերեմ ևս մի վարպետի: Յուրաքանչյուրը, ով համեմատել է արևմտյան բանստեղծությունները ճշմարիտ բանաստեղծությունների հետ, որոնք գրվել են տոտալիտար երկրներում, ասում է նա, հավանաբար, յուրօրինակ զգացողություն է ապրել` դրանք մի արվեստի այլացումներ չեն, այլ կարծես թե նրա երկու տարբեր տեսակները: Այն, ինչն Արևմուտքում զբաղմունք է կամ խոստովանություն Ֆրոյդայան թախտի վրա, Արևելքում դեռևս կյանքի գործ է, իսկ հաճախ և` մահի: Արևմուտքում բանաստեղծի ունկնդիրները` մյուս բանաստեղծներն են, և այն էլ` ոչ միշտ, Արևելքում պոեզիան` մեծ վտանգով իր հեղինակի համար` հաղթահարում է մեկուսացումն ու օտարումը: Այդպես է ասում Տոմաս Վենցլովան` լիտվացի բանաստեղծը: Իր համերկրացու` լեհ բանաստեղծ Չեսլավ Միլոշի նման, նա ապրում է Ամերիկայում: Այստեղի քաղաքացի է նաև բանաստեղծ Ալեքսեյ Ցվետկովը: Իսկ էսսեիստ Մայա Կագանսկայան և նովելիստ Յուրի Միլոսլավսկին բնակվել են Երուսաղեմում: Հարյուրավոր արձակագիրներ ու բանաստեղծներ Արևելյան Եվրոպայի երկրներից հայտնվել են Արևմտյան երկրներում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Երուսաղեմում:
Դրանք մարդիկ են, որ ընտրել են ազատությունը: Ստեղծագործական ու անհատական ազատությունը, որն այստեղ այնքան շատ է, որ մոռանում ես այն գնահատել: Այստեղ ծնվածներին այն ձրիաբար է տրվում: Իսկ նրանք, ովքեր ծնվել են անազատության մեջ, այստեղ էլ ստիպված են վճարել: Եվ նույնպես` ոչ էժան: Լինելով գրող, այսինքն` ըստ բնույթի և ոգու տարագիր, նրանք այժմ դարձել են տարագիր` ազգային իմաստով: Ոչ մեկը չի կարող հաղթահարել այդ խզումը:
Ավելի ճիշտ` համարյա ոչ մեկը: Կամքի անմարդկային ճիգով կարելի է մոռանալ Կուրսկի սոխակների մասին` հանուն Կենտուկիի ճուտերի: Եվ համանման հերոսության օրինակները քիչ չեն: Բայց ինչպե՞ս սովորել գրել օտար լեզվով: Եվ ոչ թե նամակներ, հայտարարություններ կամ հոդվածներ, թեպետ դրանք նույնպես, այլ արձակ ու պոեզիա: Ռուսական տարեգրության պատմությունը մինչև վերջերս լոկ մի գրողի է ճանաչել, ով կարողացել է դա անել: Դա Վլադիմիր Նաբոկովն էր: Բայց ահա հայտնվեց ևս մի երևույթ` դաշնակահար Վալերի Աֆանասևը: Բանագետները, մասնավորապես` Գիդոն Կրամերը, նրա կատարումը վիրտոուոզ են համարում: Աֆանասևը մի քանի միջազգային կոնկուրսների դափնեկիր է:
Դրանցից մեկի ժամանակ նա քաղաքական ապաստան խնդրեց Բելգիայում: Ստանալով այն` տեղափոխվեց Ֆրանսիա: Շարունակելով հանուն հանապազօրյա հացի համերգներ տալ, Աֆանասևը ժամանակի մեծ մասը նվիրում է գրականությանը: Իր առաջին վեպը նա գրեց ֆրանսերեն: Գիրքը հրատարակվեց Փարիզում և արժանացավ քննադատների նախանձելի արձագանքներին: Մնալով ապրելու Ֆրանսիայում, իր երկրորդ ու երրորդ վեպերն Աֆանասևը գրեց անգլերեն: Ասվածի հետ կապված` ինձ կթույլատրեմ էքսկուրս համեմատական պսիխոլեզվաբանության մեջ:
Վլադիմիր Նաբոկովը լքեց Ռուսաստանը պատանի հասակում: Վալերի Աֆանասևը դարձավ տարագիր երեսուն տարեկանում: Նաբոկովի դայակն անգլուհի էր, մայրը` անգլիասեր, Նաբոկովը մանկուց խոսում էր անգլերեն և բարձրագույն կրթություն է ստացել Քեմբրիջում: Աֆանասևը մինչև տարագրությունը ոչ ֆրանսերեն գիտեր, ոչ անգլերեն: Անգլիական արձակ գրելու համար Նաբոկովից պահանջվեց քսան տարի: Աֆանասևի «Disparacion» վեպը հայտնվեց նախկին իրականությունից նրա անհետանալուց վեց տարի անց: Երբ երկար բաժանումից հետո մենք հանդիպում ենք իր մոտ` Վերսալում, կամ ինձ մոտ` Վերմոնտում, Վալերին ազնվորեն զարմանում է` մի՞թե դու դեռ գրում ես այդ բարբարոս լեզվով:
Բոլոր մարդկային թերություններից սնոբիզմն ինձ պատկերանում է ամենագրավիչը: Եվ ընդհանրապես` Արևմուտքում ապրելու ընթացքում հետզհետե ավելի տոլերանտ ես դառնում: Այդ պատճառով էլ, ինչպես Աֆանասևը չի դադարում զարմանալ, ես չեմ հոգնում նրան բացատրել, դրա հետ մեկտեղ` նաև ինձ, ինչու եմ ես անտեսում եմ առավել կիրթ բարբառների գանձերը: Որպեսզի ես սովորեմ այն ամենը, ինչը ես հենց քառասուն տարի սովորել եմ: Անցնել այլ լեզվի` կնշանակի` նախապես գրել քո հնարավորություններից ցածր: Որովհետև դրան հավասարապես տիրապետել անհնար է: Իսկ ես, ինչպես գիտես, մաքսիմալիստ եմ, ասում եմ ես Վալերիին: Դատարկ բան է, հակաճառում է Աֆանասևը, ես էլ եմ մաքսիմալիստ, բայց այդուհանդերձ, տիրապետել և գրում եմ: Լավ, ենթադրենք` ես համարձակվել եմ, բայց անթիվ լեզուներ կան, ո՞րն ընտրեմ:
Անգլերենը իհարկե, չէ՞ որ դու ապրում ես Նոր Աշխարհում: Իսկ եթե մտքիս փչի ինչ-որ տե՞ղ գնալ, ասենք` Ճապոնիա: Այդ ժամանակ ճապոներեն կսովորես, ասում է Աֆանասևը` հիանալով Կրիստիան Դիորից առաքված իր խիտատարիով: Եվ նրա այդ խոսքերն էլ շատ անկեղծ են հնչում: Իմ լեզվաբանական սահմանափակությունը նրա համար անհասկանալի է: Հենց այն ժամանակ, երբ ես սովորում էի հիմարների համար դպրոցում, Աֆանասևը գնում էր վունդերկինդների համար նախատեսված հատուկ դպրոց: Բայց այդ տարբերությունը մեզ այդքան սկզբունքային չի թվում: Այն ընդհանուրը, ինչը մեզ միավորում է, շատ ավելի կարևոր է: Մենք սերնդակից ենք: Երկուսս էլ պաշտում ենք Նաբոկովին, Բեքեթին, Ջոյսին ու Բորխեսին: Որոշ վերապահություններով սիրում ենք Մարկեսին: Հիանում ենք Կալվինոյով: Մտովի քաջալերում ենք Կուտզեեի փորձերը: Երկուսս էլ մեծացել ենք Մոսկվայում և բարձրագույն կրթություն ենք ստացել նույն թաղամասում:
Շարունակելի
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ