
Հիլալ Մամեդովի գործով դատավճիռը կհրապարակվի վաղը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թալիշական «Թոլիշի Սադո» (Թալիշի ձայն) թերթի և կայքի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի գործով դատավարությունում սկսվել են փաստաբանների ամփոփիչ ելույթները:
Փաստաբան Ռամիզ Մամեդովը հայտարարել է Հիլալ Մամեդովի մեղավորության վերաբերյալ ապացույցների բացակայության մասին՝ հավելելով, որ հետաքննությունն իրականացվել է ընթացակարգային կոպիտ խախտումներով. Մամեդովի ձերբակալվելուց նրան չեն հայտնել իր իրավունքները, չեն թույլատրել հանդիպել նրա վստահությունը վայելող փաստաբանի հետ: Բացի այդ, բուն ձերբակալությունն իրականացվել է օրենքի խախտմամբ:
Հիլալ Մամեդովի ամփոփիչ խոսքը նշանակված է սեպտեմբերի 27-ին, ժամը 12.00-ին: Նույն օրը հրապարավելու է նրա դատավճիռը: Մամեդովը կալանավորվել է 2012 թվականի հունիսի 21-ին և մեղադրվել է թմրանյութ պահելու մեջ: Ավելի ուշ նրան մեղադրել են պետական դավաճանության ու ազգամիջյան ատելություն հրահրելու մեջ: Amnesty İnternational-ը նրան ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մեղադրող կողմը պահանջել էր Մամեդովին ազատազրկել 6 տարով: Հիլալ Մամեդովն այս տարվա մայիսի վերջին հայտարարել էր, որ իրեն կալանավորել են Ты кто такой? Давай до свиданья! երգի համար: Բացի այդ, նա հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները թմրանյութ են գցել իր գրպանը: