Էլմար Բրոկ. Հայաստանը կորցրեց իր եվրոպական հեռանկարը ՌԴ-ի կողմից անհավանական մեծ ճնշման պատճառով

«Ոչ թե մենք կորցրեցինք Հայաստանը, այլ Հայաստանը կորցրեց իր եվրոպական հեռանկարը․ սա է ճիշտ մոտեցումը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկը: «Եվ Հայաստանն այդ կորուստն ունեցավ Ռուսաստանի կողմից անհավանական մեծ ճնշման պատճառով, որ անվտանգության հարցով ճնշում էր», – հավելել էնա:

«Ահա թե ինչու պետք է ասեմ, որ ուղղակի անընդունելի է Ռուսաստանի կողմից նման ճնշումների բանեցումը, որ նրանք կիրառում են, որպեսզի կանխեն երկրների սուվերեն որոշումները` անդամակցելու իրենց նախընտրած միությանը», – հայտարարել է Բրոկը:

Երեքշաբթի օրը Եվրոպական խորհրդարանը քննարկում էր Եվրամիության հարևանության ծրագրի քաղաքականության առաջընթացի զեկույցը:

Հայաստանին վերաբերող գլուխը պետք է վերանայվի՝ հաշվի առնելով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը: Եթե ամռանը ներկայացված զեկույցում մինչ այդ ասվում էր, որ Հայաստանը Ասոցացման համաձայնագրի շրջանակներում բավականին մեծ առաջընթաց ունի՝ չնայած ժողովրդավարության որոշակի պակասին, ապա Եվրախորհրդարանի առաջարկով հիմա Հայաստանի մասով լուրջ փոփոխություններ պետք է արվեն: Եվրամիությունը կորցնում է իր ազդեցությունը Վրաստանում և Հայաստանում, միաժամանակ՝ Մոսկվան մեծացնում է իր ազդեցությունը այս երկրներում, ասում էին Եվրախորհրդարանի պատգամավորները` որպես Եվրամիության հարևանության ծրագրի ձախողում հաճախ հիշատակելով Հայաստանը:

Կարդացեք նաև

Իսկ Եվրախորհրդարանի ամենաազդեցիկ պատգամավորներից Յացեկ Վոլսկին, ով Հարևանության ծրագրի ջատագովներից է և Հայաստանի մասով համազեկուցողը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խորը ափսոսանք է հայտնել Հայաստանի հետ ծախսած ջանքերի և ժամանակի համար:

«Մենք ափսոսում ենք Ասոցացման համաձայնագրի բանակցությունների հաջողման համար Հայաստանի գործադրած ջանքերը, որոնց արդյունքում բանակցություններն ավարտվեցին` պատրաստելով Հայաստանի հետ համաձայնագրի նախաստորագրումը, ինչից հետո Հայաստանը որոշեց այլևս չասոցացվել Եվրամիության հետ և միանալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը` Բելառուսի, Ղազախստանի հետ: Դա սուվերեն որոշում է, և մենք հարգում ենք այն, սակայն ափսոսում ենք, որ իզուր այդքան ջանք և ժամանակ ծախսվեց երկու կողմից էլ», – ասել էՎոլսկին:

Եվրոպացի պատգամավորներից ոմանք պնդում էին, թե «Հայաստանում առաջընթաց չի եղել, հատկապես վերջին նորությունների ֆոնին` միանալ ոչ թե եվրոպական, այլ եվրասիական շուկային»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս