Բաժիններ՝

Թուրքական բանջարեղենի հայկական ոդիսականը

Այս տարվա հունիսին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանը՝ Հայաստան թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող մթերքի ներկրման արգելքը վերացնելու մասին բավականին դժգոհությունների տեղիք տվեց: Թուրքական և ադրբեջանական ծագման մթերքների առջև ՀՀ շուկայի դռները բացելը հիմնավորվեց նրանով, որ, չնայած արգելքին, դրանց ներմուծումը մեր երկիր չէր դադարել, ավելին՝ ուղեկցող փաստաթղթերի կեղծման և այլ մեքենայությունների պատճառ էր դարձել։

Այն որ Հայաստան թուրքական բանջարեղենն անարգել մտնում էր և, օրինակ, լոլիկ վաճառողները չէին էլ հերքում, որ թուրքական ապրանք են իրացնում, փաստ է: Չնայած Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ապրանքաշրջանառության մասին փաստաթղթերում վերջին տարիներին Թուրքիայից ներմուծված բանջարեղենի մասին որևէ նշում չկա:

 Ուշագրավ է, որ առանձին երկրների կտրվածքով ներկայացվող ՀՀ արտաքին առևտրի փաստաթղթերից մեկում երևում է, որ 2011-ին Ադրբեջանից 8.5 հազար դոլարի ներմուծում է եղել, սակայն ապրանքաշրջանառության բացվածքում դա արդեն չի երևում և պարզ չէ, թե այդ ինչ է ներկրվել Ադրբեջանից:

 Սովորաբար, թուրքական ու ադրբեջանական մթերքը ՀՀ է մտնում վրացական մեքենաներով: Անցած տարի Հայաստանի Ջերմոցների ասոցիացիան՝ պետական կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ տեղական շուկայում ուսումնասիրություններ է իրականացրել, և գրանցել, որ սեզոնի ընթացքում օրական 60 մեքենա՝ մոտ 2 տոննա տարողությամբ, թուրքական բանջարեղեն է մտել ՀՀ:

 168.am-ի հետ զրույցում ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը բացասական գնահատեց գյուղնախարարի հրամանին, որով ՀՀ արտադրողների համար օրինական կերպով մեծ մրցակցություն է ստեղծվում:

 «Գոնե հակառակն անեին, պաշտպանեին սեփական արտադրողներին, նրանք խրախուսում են թուրք ֆերմերներին: Եթե ՀՀ-ում գազի գինը բարձրացել է, մեր ֆերմերները ստիպված պետք է ավելի թանկ վաճառեն իրենց բանջարեղենը, իսկ թուրքական բանջարեղենը գալիս է առանց ներմուծման հարկերի, որովհետև մաքսատուրքեր կամ չեն վճարում, կամ եթե օրինական կերպով 1 կիլոգրամի դիմաց 450 դրամ պետք է վճարեին, իրենք անօրինական կերպով 1 արկղի համար 70 դրամ են տալիս ու բերում են: Այսինքն, ոչ մի կոպեկ չի մտնում բյուջե»,- ասաց Պ.Գևորգյանը:

 Նրա կարծիքով՝ թուրքական բանջարեղենի՝ ՀՀ մուտքի այս արգելքի վերացումը ևս մի պատճառ կլինի, որ տեղական ջերմատները փակվեն: Պ.Գևորգյանը նշեց, որ մինչև հիմա աշխատող ջերմատները «ստիպված» են աշխատում, որ խուսափեն ավելի մեծ վտանգից, քանի որ չափերով մի քիչ մեծ ջերմատները չաշխատելու դեպքում վտանգ կա, որ շարքից դուրս կգան, ապակիները սառույցի ծանրությունից կկոտրվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս