Իսկական Արևելյան գործընկերություն

Չնայած Մաքսային միությանն անդամակցելու համար դեռևս բազմաթիվ տեխնիկական, փաստաթղթային գործընթացներ են անհրաժեշտ, սակայն Հայաստանը քաղաքականապես այլևս իրեն դրսևորում է` որպես այդ կառույցի լիիրավ անդամ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Դա լավագույնս արտահայտվեց երեկ՝ Սոչիում կայացած ՀԱՊԿ խորհրդի հերթական նստաշրջանի ժամանակ: Նախ, մինչ այդ միջոցառման մեկնարկը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ինչը խորհրդանշական կարելի է համարել եվրաինտեգրացիան շարունակելու մասին ՀՀ իշխանությունների հայտարարությունների համատեքստում:

Իսկ Լուկաշենկոյի հետ հանդպիպումից հետո Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում խնդրել է կազմակերպության անդամների աջակցությունը՝ Շանհայյան համագործակցության կազմակերպության դիտորդ անդամի կարգավիճակ ստանալու համար: Այսպիսով, Մաքսային միությանն անդամակցելուց բացի` Հայաստանը ցանկանում է դիտորդ անդամի կարգավիճակ ստանալ մի կազմակերպությունում, որի գրեթե բոլոր անդամներն ընդգծված հակաեվրոպական ու հակաարևմտյան դիրքորոշում ունեն.

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ են Ռուսաստանը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Չինաստանն ու Ուզբեկստանը: Բայց հակաարևմտականությունն այս կազմակերպությանը բնորոշող միակ հատկանիշը չէ. Շանհայի համագործակցության կազմակերպությունն իր ստեղծման հիմնական խնդիրներ է հռչակել պայքարն ահաբեկչության, ծայրահեղականության և անջատողականության դեմ: Իսկ դրա անդամներից առնվազն չորսը՝ Ղրղըզստանը, Ղազախստանը, Տաջիկսյանը և Ուզբեկստանը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում ունեն, որի համաձայն` ԼՂ-ի խնդիրը ներկայացվում է` որպես անջատողականության դրսևորում: Այսինքն՝ այդ կազմակերպությունը Հայաստանի համար ոչ միայն գրավիչ լինել չէր կարող, այլ, ըստ էության, ուղղված է Հայաստանի շահերի, անվտանգության դեմ:

Բայց այդ, անվտանգության ապահովումը սեպտեմբերի 3-ից Հայաստանը վերապահել է Ռուսաստանին, որն, ըստ ամենայնի, ցանկացել է, որպեսզի Հայաստանը ցանկանա դիտորդ անդամ դառնալ Շանհայյան համագործակցության կազմակերպությունում: Հանուն Հայաստանի անվտանգության, բնականաբար:

Տեսանյութեր

Լրահոս