Բաժիններ՝

Սեպտեմբերի 22-ը Մուսալեռի օրն է

Այսօր Մուսալեռում կնշեն գյուղի փրկության օրը: Ավանդույթի համաձայն՝ շաբաթ գիշերը գյուղի երիտասարդները հարիսա կեփեն: Այս տարի կեփվի հարիսայի 98 կաթսա. կաթսաների թիվը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության տարելիցը: Այս ավանդույթը պատմական է. մատաղ են մատուցում Ցեղասպանության ժամանակ փրկված ավելի քան չորս հազար մուսալեռցիների համար:

Սնունդն ու միջոցառումները հատուկ խորհուրդ են պարունակում: Համաձայն պատմության, 40-օրյա պայքարի ժամանակ մուսալեռցիներն ունեցել են միայն ցորեն ու այծի մասը. ցորենն ու միսը ջրով խառնել են  ու կերակուր պատրաստել` գործողությունը` «hարիր սա», այնքան են կրկնել, որ կերակուրը այդ անունն է ստացել:

Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ տոնախմբությանը կմասնակցի ամբողջ գյուղը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, հոգևորականներ, մուսալեռցիներ, մտավորականներ:  Ավանդույթի համաձայն՝ հոգևորականները կօրհնեն հարիսան, որից հետո այն կբաժանվի ներկաներին:

Այս տոնակատարությանը մասնակցելու համար յուրաքանչյուր տարի սեպտեմբեր ամսի երրորդ կիրակին աշխարհի տարբեր ծայրերից մուսալեռցիները գալիս են Հայաստան:

Մուսալեռի օրվա ավանդույթին սկիզբ է դրվել 1976 թվականից, երբ գյուղի բլուրի վրա կառուցվեց հուշակոթողը: Յուրաքանչյուր տարի մուսալեռցիները հավաքվում են Մուսա լեռան լանջին կառուցված հուշարձանի մոտ, մատաղ անում ու նշում իրենց փրկության տոնը: Ավանդական երգն ու պարը, ասմունքը, ժողովրդական խաղերով ու հարիսայով տոնակատարությունը տարեցտարի մեծ ժողովրդականություն վայելեց, ու այսօր այն վերածվել է համընդհանուր տոնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս